Գաբրիել Սարգսյանը՝ ծննդյան 33-ամյակի և այլ կարևոր իրադարձության մասին
PHOTOՀայ շախմատիստ, գրոսմայստեր, Շախմատի համաշխարհային օլիմպիադաների եռակի հաղթող Գաբրիել Սարգսյանն այսօր նշում է ծննդյան 33 ամյակը: Aysor.am-ի հետ զրույցում օրվա հերոսը տեղեկացրեց՝ իր համար սա կրկնակի տոն է, քանի որ այսօր նաև կնքահայր է:
«Այսօր նաև մորաքրոջս որդու փոքրիկի մկրտության արարողությունն է, ես էլ այդ 40-օրյա հրաշքի կնքահայրն եմ դառնալու: Ճիշտ է, նա արդեն իմ երրորդ սանիկն է, բայց նման կարևոր իրադարձությունը շարունակում է հուզմունք առաջացնել: Շատ պարտավորեցնող առաքելություն է, եկեղեցու հետ կապված ամեն մի իրադարձություն սովորական երևույթ չէ, զգացմունքները տարբեր են: Այսօրվա հիմնական հերոսը նա է՝ փոքրիկ Լևոնը», - նշեց շախմատիստը:
Հարցին, թե արդյոք մկրտության օրը հատուկ այսօր է ընտրվել՝ ժպիտով պատասխանեց. «Որոշված էր, որ այս օրերին պետք է լիներ, բայց, հավանաբար, հատուկ հենց այսօր հարմարեցրեցին»:
Ծննդյան և Մկրտության արարողությունը համաշխարհային օլիմպիադայի եռակի չեմպոնը հայրենի Արցախում է անցկացնում՝ պատմական ու հրաշագործ Դադիվանքում:
«Մենք Մարտակերտի շրջանի Չափար գյուղից ենք, մորաքրոջս տղան էլ հիմա այստեղ է ապրում: Դադիվանքը շատ մոտ է մեր գյուղին ու որոշեցինք այստեղ անել», - մանրամասնեց նա:
Անդրադառնալով ծննդյան տոնին ու 33 տարիների ամենամեծ ձեռքբերմանը՝ Գ.Սարգսյանն ընդգծեց. «Կյանքիս ամենամեծ ձեռքբերումը տղաս է… Դեռ երիտասարդ եմ ու հուսով եմ՝ շատ ձեռքբերումներ կունենամ և՛ մասնագիտական ոլորտում, և՛ անձնական կյանքում»:
Այս տարի Գաբրիել Սարգսյանի ծննդյան հյուրերի շարքերում չեն լինի մեր մյուս անվանի շախմատիստները: Ընկերոջ կողքին լինելու ցանկությունը մեծ էր, հնարավորությունները՝ սահմանափակ:
«Տղաները շատ էին ցանկանում գալ, բայց այստեղ շատ բարեկամներ են հիմա հավաքված, պայմանների հետ կապված որոշակի խնդիրներ առաջացան ու չստացվեց», - նշեց նա:
Հարցազրույցն ամբողջությամբ՝ Aysor.am-ում։