Արտակարգ դեպք Կոտայքի մարզում. 2 տարեկան տղայի ծնողները պնդում են՝ երեխայի թունավորման պատճառը եղել է յոգուրտը. ֆոտոռեպորտաժ
PHOTOShamshyan.com-ը գրում է.
Այսօր՝ սեպտեմբերի 7-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում:
Վերին Պտղնի գյուղի Նոր թաղամասի 1-ին փողոցի 9-րդ տան բնակիչ, 2-ամյա Էմիլ Հովհաննիսյանը Երեւանում գործող «Երևան Սիթի» սուպերմարկետից գնված յոգուրտից թունավորվել է: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բանն այն է, որ երեկ՝ ժամը 22:00-ի սահմաններում, Էմիլը և իր տատիկը՝ 57-ամյա Սվետա Օհանյանը, այցելել են Կոմիտասի պողոտայի «Երևան Սիթի» սուպերմարկետ:
Որոշ գնումներ կատարելուց հետո երեխան ցանկացել է նաև յոգուրտ, և տատիկը, տեսնելով ակցիայի տակ համեմատաբար էժան գնով վաճառվող «Ալպենլանդ» տեսակի յոգուրտները, 2 հատ գնել է: Վերադառնալով տուն՝ երեխան ուտում է յոգուրտը և պառկում քնելու: Գիշերը՝ ժամը 03:00-ի սահմաններում, երեխայի ծնողները՝ Արսեն Հովհաննիսյանն ու իր կինը նկատում են, որ երեխան բարձր ջերմություն ունի և անընդհատ փսխում է: Ահազանգում են շտապօգնություն, սակայն հայրը տեսնելով, որ երեխայի վիճակը գնալով վատանում է, իր սեփական մեքենայով հասցնում է Աբովյանի հիվանդանոց:
Հիվանդանոցում հետազոտություններից հետո բժիշկն ասում է, որ երեխայի՝ նման իրավիճակում հայտնվելու պատճառը յոգուրտն է եղել: Գ. Շամշյանի հետ զրույցում Էմիլի տատիկն ասաց, որ յոգուրտը գնել է բավականին էժան գնով, քանի որ գտնվում էր ակցիայի տակ, սակայն ստուգել է պիտանելիության ժամկետը և այն եղել է ժամկետի մեջ: Նաև ասաց, որ հիվանդանոցում ասել են, որ սա յոգուրտից թունավորվելու առաջին դեպքը չէ:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի