ՌԴ ՆԳՆ հակակոռուպցիոն բաժնի պաշտոնյայի տանն ու գրասենյակում պարկերով փողեր են հայտնաբերվել. լրատվամիջոցներ
SOCIETYՌԴ Ներքին գործերի նախարարության կոռուպցիայի հակազդման ու տնտեսական անվտանգության գլխավոր վարչության պետի տեղակալ Դմիտրի Զախարչենկոյի աշխատանքային գրասենյակում ու տանն իրականացված խուզարկության ընթացքում հայտնաբերվել են փողով լի պարկեր: Այս մասին ռուսական ТАСС գործակալությանը պատմել է իրավապահ մարմիններում աղբյուրը:
Հայտնաբերված գումարի աղբյուրը ճշտվում է: Զախարչենկոն հարցաքննվել է որպես կասկածյալ, իր մեղքը նա չի ընդունում:
Մոտ ժամանակներս դատարանը կքննի գործը, որով Զախարչենկոն մեղադրվում է առանձնակի խոշոր չափերի կաշառք վերցնելու համար:
РИА Новости գործակալության աղբյուրները հայտնում են, որ գնդապետ Զախարչենկոյի բնակարանում հայտնաբերվել է մոտ 123,5 մլն ԱՄՆ դոլար գումար: Ձերբակալության պահին Զախարչենկոյի մոտ անձամբ գտնվել է 20 մլն ռուբլի գումար:



