Ադրբեջանը Մխիթարյանին կթույլատրի մտնել իր տարածք
SPORTԱդրբեջանի արտգործնախարարությունը մեկնաբանություն է տվել Հայաստանի հավաքականի և Դորտմունդի «Բորուսսիայի« կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի՝ այդ երկրի տարածք մուտք գործելու շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ։
Հիշեցնենք, որ տեղեկություններ էին շրջանառվում, որ Ադրբեջանը քաղաքական պատճառներով կարող է արգելել Մխիթարյանին մտնել Ադրբեջանի տարածք՝ «Բորուսսիայի» կազմում մասնակցելու Եվրոպա լիգայի խմբային փուլի՝ «Գաբալայի» դեմ խաղին։
Ինչպես հայտնում է «Vesti.az»-ը, իրավիճակի մասին խոսել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Հիմքեթ Գաջիևը։
-Ուրախալի է, որ Եվրոպա լիգայի խմբային փուլում մեր երկիրը ներկայացնում է միանգամից երկու ակումբ՝ «Ղարաբաղն» ու «Գաբալան»։ Յուրաքանչյուր երկիր, որը մասնակցում է ՈւԵՖԱ-ի հովանու տակ անցկացվող մրցաշարի, պարտավորվում է կատարել ընդհանուր կանոններն ու տնային հանդիպումներն անցկացնել համաձայն այդ կանոնների։
Ֆուտբոլի յուրահատկությունը թիմային խաղ լինելն է։ Այստեղ ոչ թե առանձին անհատներն են դեր խաղում, այլ թիմային նատակները։ Այսինքն, Ադրբեջան է այցելում ոչ թե անհատ, այլ թիմը՝ Դորտմունդի «Բորուսսիան»։
Մենք չենք քաղաքականացնում սպորտն ու չնայած այն բանին, որ սպորտն ու քաղաքականությունը վերջին ժամանակներս սկսել են նման հատկանիշներ ձեռք բերել, Ադրբեջանը խիստ դիրքորոշում ունի այդ հարցում։
Մենք չենք քաղաքականացնում սպորտն ու չենք օգտագործում այն քաղաքական նպատակներով։ Ինչ վերաբերում է Ադրբեջանի ԱԳՆ-ի «սև ցուցակին», այնտեղ գործերը դիտարկվում են մասնավոր հերթականությամբ,-ասել է Գաջիևը։