Հայաստանի գավաթի խաղարկությունը մեկնարկում է
SPORTՄեկնարկում է ֆուտբոլի Հայաստանի գավաթի հերթական խաղարկությունը:«Արմենպրես»-ը հայտում է, որ պայքարի մեջ կներգրավվեն 8 թիմեր, որոնք բաժանված են 4 զույգերի:
Քառորդ եզրափակիչում Երևանի «Փյունիկ»-ը սեփական հարկի տակ Ավանի ֆուտբոլային ակադեմիայում ուժերն է չափելու Երևանի «Ալաշկերտ»-ի հետ: «Ալաշկերտ»-ը Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության մրցաշարային աղյուսակում 11 միավորով ընթանում է 2-րդ տեղում: Երիտասարդ ֆուտբոլիստներով համալրված «Փյունիկ»-ը վաստակել է 8 միավոր և Արտակ Օսեյանի գլխավորությամբ ընթանում է 4-րդ տեղում: Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 2-րդ տուրում թիմերը հանդիպել են միմյանց: Մրցավեճում 2-1 հաշվով հաղթել է «Ալաշկերտ»-ը: Միհրան Մանասյաի և Արտակ Եդիգարյանի գոլերին պատասխանել է Ալիկ Առաքելյանը: «Փյունիկ»-ը Հայաստանի գավաթի 8-ակի հաղթող է:
Քառորդ եզրափակիչի 2-րդ զույգում պետք է հանդիպեին «Գանձասար-Կապան»-ը և նորաստեղծ «Էրեբունի»-ն, սակայն խաղը հետաձգվել է անորոշ ժամկետով, քանի որ հանդիպումը սպասարկող մրցավարական անձնակազմը սեպտեմբերի 21-ի առավոտյան Երևան-Կապան ավտոճանապարհին՝ Գորիսի մոտակայքում, ենթարկվել է ավտովթարի, որի արդյունքում մրցավարները տեղափոխվել են Գորիսի քաղաքային հիվանդանոց։
Կապանյան ակումբն անհաջող է սկսել Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությունը և անցկացրած 6 խաղից հետո ունի 4 միավոր: Թիմը մրցաշարային աղյուսակում նախավերջինն է: Սևադա Արզումանյանի «Էրեբունի»-ն, առաջին խմբում շատ վատ է հանդես գալիս և 6 տուրերից հետո ոչ մի միավոր չի վաստակել: Նորաստեղծ ակումբն եզրափակում է մրցաշարային աղյուսակը: «Գանձասար-Կապան»-ը այս խաղում անհաջող ելույթներից հետո պարտավոր է հաղթել և փորձել վերականգնել սասանված հեղինակությունը:
Արկադի Անդրեասյանի գլխավորությամբ «Արարատ»-ը գավաթի համար պայքարը կսկի «Բանանց»-ի դեմ խաղով: Հանդիպումը կայանալու է Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում: Թիմերի վերջին հանդիպումը տեղի է ունեցել Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության վերջին տուրում, որտեղ «Բանանց»-ը վստահ հաղթանակ է տարել 2-0 հաշվով: 2 թիմերն էլ անկայուն են հանդես գալիս առաջնությունում: Արկադի Անդրեասյանը պատասխան խաղից առաջ հայտնել է, որ այս խաղում կերևա թիմերից, որն է ավելի ուժեղ:
Քառորդ եզրափակիչ վերջին խաղում Գյումրիի «Շիրակ»-ը հյուրընկալվելիս Աբովյանի «Քաղաքային» մարզադաշտում հանդիպելու է ֆինանսական խնդիրներ ունեցող նորաստեղծ «Կոտայք»-ին: «Շիրակ»-ը գլխավորում է բարձրագույն խմբի առաջնության մրցաշարային աղյուսակը և ցուցադրում է այս պահին Հայաստանի առաջնության ամենագեղեցիկ ֆուտբոլը: «Կոտայք»-ը Հայաստանի առաջին խմբի մրցաշարում 6 տուրից հետո 2-րդ հորիզոնականում է ընթանում: