Ucom-ը բնակարաններ և այլ նվերներ հանձնեց Օլիմպիական խաղերի մեդալակիրներին
SPORTUcom ընկերությունը, որը հադիսանում է Հայաստանի օլիմպիական կոմիտեի գործընկերը, սեպտեմբերի 23-ին պարգևներ հանձնեց Ռիոյի օլիմպիական խաղերի հայաստանցի մեդալակիրներին: Այս մասին հայտնում է Past.am-ը:
Օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը, արծաթե մեդալակիր Միհրան Հարությունյանը, որին նույնպես հայերս համարում ենք ոսկե մեդալակիր, պարգևատրվեցին իրենց ծննդավայրերում բնակարաններով:
Ծանրորդներ Սիմոն Մարտիրոսյանը և Գոռ Մինասյանն արժանացան 7-ական միլիոն դրամի: Բոլոր մեդալակիրերը Ucom-ի կողմից նվեր ստացան նաև վերջին արտադրության Iphone հեռախոսներ և ամսական շուրջ 40 հազար դրամ արժողությամբ Ucom-ի երկու գերժամանակակից փաթեթներից հավերժ օգտվելու իրավունք:
Երեկոյի ընթացքում ներկաները դիտեցին ֆիլմ, որը պատմում է 31-րդ Օլիմպիական խաղերում մեդալակիր հայ մարզիկների անցած ճանապարհի մասին: Իր խոսքում ՀԱՕԿ քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը կարևորեց Ucom-ի հետ համագործակցությունը: «Հուսով եմ, որ Ucom-ի հետ համագործակցությունը կլինի շարունակական, քանի որ ես այն համարում եմ կայացած: Վստահ եմ, որ Տոկիո 2020-ում մեր մարզիկները կունենան ավելի մեծ հաջողություններ և կուրախացնեն մարզասեր հանրությանը»,- ավելացրեց նա:
Ucom ընկերության տնօրեն Հայկ Եսայանն էլ նշեց. «Մեր մարզիկներն ամառային 31-րդ Օլիմպիական խաղերի ժամանակ արեցին հնարավոր և անհնարին ամեն բան: Սա մեծ հաղթանակ է մեզ բոլորիս համար: Մեր ընկերությունը մինչև Օլիմպիական խաղերը և խաղերի ողջ ընթացքում եղել է հայ մարզիկների կողքին` աջակցելով նրանց: Պատրաստ ենք մշտապես լինել սպորտի կողքին»: Լրագրողների հետ զրույցում օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը շնորհակալություն հայտնեց Ucom ընկերությանը: «Տրամադրությունս շատ բարձր է, ուրախ եմ»,-հավելեց Արթուրը:
Անդրադառնալով հաջորդ Օլիմպիական խաղերին՝ Ալեքսանյանը հույս հայնտեց, որ մասնակցելու է դրանց: Արթուր Ալեքսանյանի խոսքով՝ հայրենիք վերադառնալով և հայրենակիցերի ընդունելությունը տեսնելով է հնարավոր հասկանալ, թե ինչ ես արել հայրենիքի համար: Միհրան Հարությունյանն էլ նշեց, որ հպարտության զգացողություններով է լցված:
«Ես ինձ երջանիկ եմ զգում, էմոցիաները խեղդում են, քանի որ ժողովրդի սերն ու հարգանքը վայելելն ամենամեծ նվերն են»,-ասաց մարզիկը՝ շնորհակալություն հայտնելով Ucom-ին:
Լևոն Փանոսյան