«Ալաշկերտ»-ն առաջին անգամ նվաճեց Հայաստանի սուպերգավաթը
SPORTՀայաստանի սուպերգավաթի խաղում միմյանց դեմ մրցել են Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտ»-ն ու գավաթակիր «Բանանց»-ը: «Ալաշկերտ»-ը դժվարին պայքարում կարողացել է հաղթանակի հասնել մրցակցի նկատմամբ:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, մեկնարկային րոպեներին խաղն ընթանում էր ցածր տեմպով: Հանդիպման մեկնարկային րոպեներին թիմերը փոխանակվեցին բարձր կատարած հարվածներով: Մնացած ժամանակահատվածում հիմնականում ընթանում էր առանց գոլային պահերի, պասիվ խաղ. թիմերն ավելի շատ համառ պայքար էին մղում դաշտի կենտրոնում:
43-րդ րոպեին մրցավարը 11 մետրանոց նշանակեց «Ալաշկերտ»-ի դարպասին: Տուգանային հրապարակում Ացամազ Բուրաևի նկատմամբ կանոնները խախտել էր Արարատ Առաքելյանը: 11 մետրանոց հարվածը հստակ իրացրեց Լաերսիոն` բացելով հանդիպման հաշիվը:
Երկրորդ խաղակեսում կրքերն ավելի թեժ էին: Խաղակեսի մեկնարկին թիմերի ֆուտբոլիստների միջև վիճաբանություն տեղի ունեցավ, մրցավարներին հաջողվեց հանդարտեցնել ֆուտբոլիստներին: 52-րդ րոպեին «Ալաշկերտ»-ը կարողացավ հավասարցնել խաղի հաշիվը: Տուգանային հարվածով գեղեցիկ գոլի հեղինակ դարձավ Արթուր Եդիգարյանը: Հանդիպման հիմնական ժամանակում թիմերը մի քանի վտանգավոր գրոհներ անցկացրեցին, սակայն գոլ խփել թիմերից որևէ մեկին չհաջողվեց. խաղը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ:
Լրացուցիչ առաջին խաղակեսի ընթացքում գնդակին ավելի շատվ տիրում էին «Ալաշկերտ»-ի ֆուտբոլիստները, սակայն սուր գրոհներ թիմի կատարմամբ չեղան: «Բանանց»-ը նույնպես մեծ ակտիվությամբ աչքի չէր ընկնում: Լրացուցիչ երկրորդ խաղակեսում թիմերի մոտ հոգնածությունն ակնհայտ էր. խաղը պասիվ էր, ֆուտբոլիստները գրեթե կանգնած էին գործում: Թիմերը հաղթողին որոշեցին 11 մետրանոց հարվածաշարով: Այստեղ ավելի հաջողակ գտնվեցին «Ալաշկերտ»-ի ֆուտբոլիստները: «Ալաշկերտ»-ի դարպասապահ Գևորգ Կասպարովը կարողացավ հետ մղել Լայոնել Ադամսի և Լաերսիոյի հարվածները: