«Վերնիսաժը» նոր բացահայտումներ կանի երկրորդ եթերաշրջանում
PHOTOBlognews.am-ը գրում է.
Հեռուստադիտողները կրկին հնարավորություն ունեն հայտնի մարդկանց բացահայտելու նոր կողմերից. հոկտեմբերի 1-ին «Արմենիա TV»-ի եթերում կմեկնարկի «Վերնիսաժ» հաղորդման երկրորդ եթերաշրջանը։ Առաջին թողարկման ժամանակ Նազենի Հովհաննիսյանն ու Արտակ Հերիքյանը կհյուրընկալեն երգչուհի Նադեժդա Սարգսյանին, նրա ընկերներին ու հարազատներին։ BlogNews-ը եղել է «Վերնիսաժի» տաղավարում և ներկայացնում է ֆոտոշարք ու մանրամասներ նոր եթերաշրջանից։
«Վերնիսաժը» շատ կարճ ժամանակում դարձավ «Արմենիա» հեռուստաընկերության ամենաասիրելի հաղորդումներից մեկը։ Չնայած առաջին եթերաշրջանում ունեցել ենք ընդամենը 3 հաղորդում, նախագիծը շատ մեծ ժողովրդականություն է վայելել։ Երկրորդ եթերաշրջանը սկսում ենք այդ բարձր գնահատականներից ոգևորված»,- ասաց Արտակ Հերիքյանն ու հավելեց, որ այստեղ բացառապես հանդիասավար է։ «Ստեղծագործական թիմն ահռելի աշխատանք է կատարում մինչ նկարահանման օրը, ես միանում եմ վերջին պահին։ Հաճելի է ունենալ նաև այս փորձառությունը։ Օրինակ՝ այսօր առավոտյան 4-ին եմ ժամանել Հայաստան և վստահ եկել նկարահանման»,- նշեց հաղորդավարը։
Նազենի Հովհաննիսյանն էլ նկատեց, որ մեծ ոգևորությամբ են սկսում նոր եթերաշրջանը։ ««Վերնիսաժն» ամեն անգամ մեզ համար էլ է դառնում բացահայտումների հյուրասրահ։ Միշտ լինում են հետաքրքիր պատմություններ, որոնք մնացել են վարագույրից այն կողմ։ Մենք ցույց ենք տալիս ոչ միայն մարդու գործունեությունը, այլև ներանձնային պատմությունները, որոնք ձևավորել են իր տեսակը։ Հետաքրքիր է, որ «Վերնիսաժի» շնորհիվ մենք կարողանում ենք համատեղել հյուրերի, որոնք երբեմն անհամատեղելի են թվում»,- ասաց Նազենի Հովհաննիսյանը։ Հաղորդավարուհին հպարտությամբ նշեց, որ իրենց հյուրերից յուրաքանչյուրն ամեն անգամ փաստում է, որ «Վերնիսաժի» հյուրասրահում վերագնահատեց իր կյանքը և պատմեց պատմություններ, որոնք մնացել են գաղտնի։
Նյութը՝ Ամալյա Հովհաննիսյանի
Լուսանկարները՝ Կարեն Հովհաննիսյանի