Հայաստանում բանկային համակարգը շարունակում է մնալ կայուն
ECONOMICSՀայաստանի բանկային համակարգը 2016թ. ընթացքում բավականին դրական առաջընթաց է ցուցաբերել, ինչպես ակտիվների որակի փոփոխությունների, այնպես էլ Կենտրոնական բանկի նախաձեռնած կանոնակարգումների արդյունքում: Սեպտեմբերի 30-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀ ԿԲ ֆինանսական համակարգի կայունության և զարգացման վարչության պետ Անդրանիկ Գրիգորյանը:
«Բանկային համակարգը Հայաստանում շարունակում է մնալ կայուն, ունենք վարկերի և ավանդների աճ: Դրական է այն հանգամանքը, որ ունենք թե ֆիզիկական, թե իրավաբանական անձանց ավանդների աճ: Ֆիզիկական անձանց դրամով և արտարժույթով ավանդների աճն էլ խոսում է բանկային համակարգի նկատմամբ հասարակության վստահության բարձրացման մասին»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Գրիգորյանը:
Նա հավելեց, որ կա դրական աճ նաև ակտիվների և հատկապես վարկերի տեսանկյունից: Նրա խոսքով՝ մեծ դիվերսիֆիկացիա ունեն սպառողական, բիզնես և հիփոթեքային վարկերը:
Անդրադառնալով բանկային համակարգում կապիտալի հետ կապված հարցերին՝ Անդրանիկ Գրիգորյանն ընդգծեց, որ այս պահին էլ շարունակվում են լուրջ աշխատանքներ ընթանալ կապիտալի համալրման ուղղությամբ: Նա նկատեց, որ բանկային համակարգում միաձուլումների գործընթաց է ընթանում, առաջիկայում էլ կլինեն բանկեր, որ կհայտարարեն կապիտալների համալրումների մասին: