Հայաստանում գրանցված 5.1 տոկոս գնաճը թույլատրելի միջակայքում է. Կենտրոնական բանկ
ECONOMICSՀայաստանում մայիսին արձանագրված փաստացի գնաճային զարգացումները վկայում են, որ գնաճը ՀՀ կենտրոնական բանկի կանխատեսումների շրջանակներում է: ԿԲ գնահատականով` 2015թ. ընթացքում գնաճը կպահպանվի նպատակային ցուցանիշի 4% +/-1.5 տոկոսային կետ տատանումների թույլատրելի միջակայքի վերին հատվածում՝ աստիճանաբար կայունանալով նպատակային ցուցանիշի շուրջ:
Ըստ Ազգային վիճակագրական ծառայության պաշտոնական վիճակագրության` 2015 թ. մայիսին ապրիլի համեմատ արձանագրվել է 0.5 տոկոս գնանկում: Այս պարագայում 12-ամսյա գնաճը, ինչպես և նախանշվել էր ՀՀ ԿԲ 2015 թ. երկրորդ եռամսյակի Դրամավարկային քաղաքականության ծրագրում, նպատակային ցուցանիշի տատանումների թույլատրելի միջակայքի վերին հատվածում է՝ ամսվա վերջին կազմելով 5.1 տոկոս:
Ինչպես տեղեկացրին ՀՀ կենտրոնական բանկի լրատվական ծառայությունից, արտաքին հատվածում համաշխարհային տնտեսության դանդաղ աճի և առաջարկի ավելացման գործոնների ներքո շարունակվել են գնանկումային միտումները, որոնք արտացոլվել են մի շարք ներմուծված պարենային ապրանքների գների (շաքարավազ, կենդանական և բուսական յուղեր) նվազող վարքագծում:
Ներքին տնտեսությունում շարունակվել են գյուղատնտեսության ճյուղի դրական զարգացումները՝ հանգեցնելով գյուղատնտեսական (հիմնականում՝ բանջարեղեն և կարտոֆիլ ապրանքախմբի)ապրանքների գների նվազմանը: Արդյունքում, պարենային ապրանքների գները ամսվա ընթացքում նվազել են 1.2 տոկոսով: Միևնույն ժամանակ, ոչ պարենային ապրանքների գները և ծառայությունների սակագները էականորեն չեն փոխվել՝ արտացոլելով տարեվերջին փոխարժեքի արժեզրկման ազդեցության մարումը: