Նանա. «Ես չեմ ամուսնացել, այնպես որ ինձ կարող են ամուսնության առաջարկ անել»
ФОТОBlognews.am-ը գրում է.
Այս անգամ ռադիոհաղորդավարուհի Անկա Սարիբեկյանի հյուրը երգչուհի Նանան է, ով միշտ բամբասանքների կիզակետում է: Այդ ամենը հատուկ մշակված ՓՌ քա՞յլ է, թե՞ այլ պատճառներ կան: Նանան պատասխանել է Անկայի հարցերին:
- Բարի առավոտ, Նանա, շնորհակալ եմ, որ այստեղ եք: Բարի գալուստ Հայաստան, և քանի որ առաջին անգամ ենք հանդիպում ռադիոեթերում, հնչեցնեմ մեր ավանդական հարցը, ինչպե՞ս է սկսվում ձեր առավոտը:
- Շնորհակալ եմ, Անկա, բոլորին բարի և լուսավոր առավոտ եմ մաղթում: Իսկ իմ առավոտը սկսվում է մեկ գավաթ կաթի և թեյի համադրությամբ: Դա շատ օգտակար է, բոլորին խորհուրդ կտամ: Օրս սոցկայքերով չի սկսվում, քանի որ դրանցով զբաղվում է իմ մենեջերը և փորձում պատասխանել նամակների, անգամ վատ հաղորդագրություններին: Մենք շնորհակալ ենք, որ մեր էջերից չեն հեռանում:
- Փաստորեն, ասում եք շնորհակալություն, որ այդքան նեգատիվ են: Գրողը տանի, ամեն դեպքում ամուր նյարդեր են հարկավոր:
- Թող բարի և առողջ լինեն բոլորը։
- Նանա, ճի՞շտ է, որ հիմնական բնակություն եք հաստատել Մոսկվայում:
- Սիրելի Անկա, ես բնակվում եմ Երևանում և Մոսկվայում, այս պահին սա աշխատանքային ընթացք է: Կարելի է ասել՝ ես կիսվել եմ երկու մասի, և պատճառն աշխատանքն է: Գործնական հրավերներ Հայաստանում և արտերկրում՝ մասնավորապես Ռուսաստանի Դաշնությունում, շատ եմ ունենում, իսկ մեզ մոտ՝ Հայաստանում, բավական դժվար է գումար վաստակելը:
- Անկախ պոզիտիվից և նեգատիվից՝ դուք ձեզ սիրված և գնահատվա՞ծ եք զգում։
- Համերգների և կորպորատիվ երեկոների ժամանակ հանդիսատեսի ջերմ ընդունելությունից, սոցկայքերից կարելի է հասկանալ՝ քեզ սիրում է ժողովուրդը, թե ոչ: Երբ հանդիսատեսը սեր է փոխանցում, դրանից առավել երջանկություն չկա: Ես միշտ ասել եմ եմ՝ հանդիսատեսը կարող է մեզ պահել բեմի վրա կամ իջեցնել ցած, իսկ ես շնորհակալ եմ իմ հանդիսականին այդքան ջերմ լինելու համար:
- Նանա, վերջին տեսահոլովակից հետո, երբ հարսի կերպարով էիք, շատերն ասում էին, որ այդ երգը ձեր ամուսնուն եք նվիրել, ով բավականին մեծ է ձեզանից:
- Օ՜, ոչ, ես չեմ ամուսնացել, անգամ ամուսնացած չեմ եղել: Այնպես որ ինձ կարող են ամուսնության առաջարկ անել:
- Սիրելիներ, Նանայի սիրտը ազատ է, համարձակ կարող եք զանգահարել և, ինչու ոչ, ուղիղ եթերից սիրո խոստովանություն կատարել:
- Շնորհակալ եմ, որ օրը սկսել եմ ձեզ հետ: Մաղթում եմ ձեզ բազում գեղեցիկ և լուսավոր եթերներ, ցանկանում եմ, որ մեր երկիրը լինի խաղաղ, իսկ մարդիկ երջանիկ։ Աստված բոլորին պահապան:
Լուսանկարները՝ Կարեն Հովհաննիսյանի