Ապառիկով թաղում, հարսանիք, Նոր տարի. բարի գալուստ Հայաստան
ФОТОՀայերս գյուտարար ազգ ենք, ու նորություն չի լինի, եթե ասենք, որ աշխարհն առանց հայերի հնարամտության շատ բան կկորցներ: Ամեն ինչով ենք տարբերվում բոլորից՝ մենթալիտետով, տաքարյունությամբ, ինտելեկտով: Իսկ մեր երկրում տրամադրվող ապառիկ ծառայությունների բազմազանությունը միայն ապացուցում է, որ եզակի տեսակ ենք աշխարհում:
Ապառիկ ծառայությունները ժամանակակից աշխարհում բիզնեսի խթանման հիմնական լծակն են: Ապառիկով մեքենա, կահույք, անշարժ գույք, տուրիստական ծառայություններ, վերանորոգում. այս ամենը վաղուց առօրյա երևույթ են աշխարհում, ու հատկապես Հայաստանում: Սակայն Հայաստանում տարածված ապառիկ ծառայությունների մի քանի տեսակներն, այնուամենայնիվ, իսկապես զարմանք, երբեմն էլ նաև ծիծաղ են առաջացնում:
Ապառիկով հարսանիք: Ընդ որում՝ ապառիկ է ամեն ինչ՝ սկսած երաժիշտներից մինչև հյուրասիրություն ու հրավառություն: Թվում է՝ նոր ընտանիք ստեղծելն արդեն իսկ կուտակված մեծ պարտքով իսկական անխելքություն է, բայց արի ու տես՝ այս ծառայությունից օգտվողների թիվը տարեցտարի միայն ավելանում է:
Ապառիկով թաղում: Շատ չմանրամասնենք այս թեման: Ընդամենը մեկ ճշտում. եթե մի քանի տարի առաջ այս ծառայությունը մեկ-երկու սգո սրահներ էին մատուցում, ապա ներկայումս Երևան քաղաքում չկա մի սգո ծառայություն, որն ապառիկով թաղումներ չկազմակերպի:
Ապառիկով գերեզմանաքար. նախորդ թեմայի տրամաբանական շարունակությունը:
Ապառիկով պլաստիկ վիրահատություններ: Եթե առողջապահական բոլոր մնացած ծառայությունները Հայաստանում մատուցվում են կանխիկ և ցանկալի է՝ միանգամից, ապա պլաստիկ վիրահատությունների պարագայում մի շարք բժշկական հաստատություններ արդեն քանի տարի է՝ ապառիկով են աշխատում:
Ապառիկով ատամնաբուժություն: Էսթետիկ ատամնաբուժությունը Հայաստանում վերջին տարիներին անհավանական թափ է առել: Բոլորն են ցանկանում ճերմակափայլ ժպիտ, բայց քչերը ունեն դրա հնարավորությունը: Հենց վերջիններիս համար էլ գոյություն ունի ապառիկը:
Ապառիկով արհեստական բեղմնավորում: Մոտ մեկ տարի առաջ այս ծառայության մասին բացեիբաց խոսվում էր նաև ընտանիքի պլանավորման կենտրոններից մեկի հեռուստագովազդում: Որքանով էր էթիկայի առումով այս պահը շեշտելը նպատակահարմար, չենք քննարկի, սակայն այն, որ վերջին մեկ տարում նախորդ տարիների համեմատ ՀՀ-ում անհամեմատ շատ են կատարվել արհեստական բեղմնավորումներ, փաստում է ԱՆ-ի վիճակագրությունը:
Եվ վերջապես, ապառիկների հայկական թագն ու պսակը՝
Ապառիկով Նոր տարի: Երևանյան սուպերմարկետներից մեկի ակցիան սկզբում ընկալվեց որպես անհաջող հումոր, սակայն կարճ ժամանակ անց հասարակությունը հաշտվեց այն մտքի հետ, որ հարևան-բարեկամից պարտքով գումար վերցնելու և Նոր տարի անելու փոխարեն դա կարելի է անել ուղղակի ապառիկով:
Նյութը՝ BlogNews.am