Life.panorama.am-ը գրում է.
Այսօր սիրված եւ վաստակավոր դերասան Սոս Սարգսյանի ծննդյան օրն է: 40-ից ավելի գեղարվեստական ֆիլմերում նկարահանված մեծանուն դերասանն այսօր 87 տարեկան կդառնար: Սոս Սարգսյանի մասնակցությամբ ֆիլմերը շարունակում է սիրել նաեւ նոր սերունդը, իսկ ապագա դերասանների համար նրա յուրաքանչյուր խաղն արդեն մեծ դպրոց է:
Վաստակավոր դերասանի մասին հիշողություններով Life.panorama.am-ի հետ կիսվել է դերասանուհի Նելլի Խերանյանը, ով 17 տարեկանում «Ճերմակ անուրջներ» ֆիլմում նկարահանվեց Սոս Սարգսյանի հետ ու այդուհետ մեծանուն դերասանի համար մնաց որպես սիրելի «Լիլո»:
«Սոս Արտաշեսովիչին վաղուց գիտեմ, միասին աշխատել ենք ինչպես թատրոնում, այնպես եւ ֆիլմերում, միասին էլ համարվում ենք Համազգային թատրոնի հիմնադիրներից: Ես ու իմ ընտանիքը բեղմնավոր տարիներ ենք ունեցել նրա հետ: Այսօր մեծ ցավ եմ ապրում, որ առիթ չունեմ նրան շնորհավորելու ծննդյան օրվա կապակցությամբ, հաճախ եմ հիշում հայտնի խոսքը` «Հայ թատրոնը մի քիչ խեղճանում է, պանթեոնն է ավելի հարստանում»»,- նշեց դերասանուհին ու շարունակեց.
«Սոս Սարսգյանն իր անմոռանալի հետքն է թողել հայ թատրոնում ու դա ջնջել հնարավոր չէ: Նա գնաց ու իրենից հետո հրաշք մի թատրոն թողեց, որը կարծում եմ` պիտի կարողանա բարձր ու լուսավոր պահել վաստակավոր դերասանի անունը: Սոս Սարգսյանին մոռանալ հնարավոր չէ, նա գույն ու տեսակ ուներ, երիտասարդների նկատմամբ մոտեցում ուներ, նրանց սիրելու ու իրեն մոտ թողնելու կարողություն ուներ: Նրա` երիտասարդների նկատմամբ թուլության մասին շատերը գիտեն, շատ ջերմ կարող էր լինել, բայց եւ երբեմն նկատողություններ էր անում, նույնսիկ վիրավորում, իսկ շատ չանցած ինքն էլ շտկում էր այդ ամենը: Այսօր ես, որպես կրտսեր ընկեր ու կոլեգա, որպես մեկն, ով շատ ջերմ էր վերաբերվում նրան, ընդամենը կարող եմ ասել, որ հիմա նրա կյանքը հավերժական է, նա մահ չունի, նրան ամեն անգամ հիշելիս հոգումս յուրահատուկ ջերմություն եմ զգում: Ես նրա համար մնացի սիրված Լիլոն, նա միակ մադն էր, ով «Ճերմակ անուրջներ» ֆիլմից հետո ինձ մինչեւ վերջ Լիլո էր ասում. Ի դեպ` այդ ֆիլմում ես առաջին քայլերս էի անում, քանի որ առաջին կուրսի ուսանողուհի էի, իսկ Սոս Սարգսյանի ջերմ ու սրտացավ ընդունելությունը ես երբեք չեմ մոռանա: Չգիտեմ` հեռացած մարդկանց ծննդյան օրերը կարելի է շնորհավորել, թե ոչ, բայց կարծում եմ` արտիստին կարելի է. ուրեմն թող շնորհավոր լինի մեր շատ սիրելի Սոս Սարգսյանի ծննդյան օրը»: