Ամուսինս, դուստրս ու փեսաս մեկ վայրկյան չեն թողել, որ տխրեմ. Սյուզան Մարգարյան. լուսանկարներ
ФОТОWnews.am-ը գրում է.
Սիրուշոյի «Արմատ» ձայնասկավառակի շնորհանդեսին ներկա էին նաեւ նրա ծնողները՝ երգչուհի Սյուզան Մարգարյանն ու դերասան Հրաչյա Հարությունյանը։
Wnews.am-ին տված հարցազրույցում երգչուհի Սյուզան Մարգարյանը մեծ հպարտությամբ ու ոգեւորությամբ խոսեց դստեր մասին.
«Ես չեմ կարող նույնսիկ սեթեւեթել եւ չհայտնել հիացմունքն ու ոգեւորությունս։ Ձայնասկավառակի շատ երգեր ինձ համար էլ էին անակնկալ։ Սիրուշոն ընդհանրապես սիրում է անակնկալներ մատուցել։ Այդ պատճառով էլ չկարողացա հուզմունքս թաքցնել։ Չնայած երգեր կային, որոնք մինչ ձայնասկավառակի թողարկումը լսել էի, բայց երբ ձայնասկավառակն ավարտին հասավ, այն լսում ու լսում եմ։ Պետք է ասեմ, որ մոտեցումը շատ խորն է, նա հսկայական աշխատանք է կատարել, որեւէ երգ հենց այնպես չի ձայնագրվել, բոլոր երգերն իմաստ ունեն։ Ես սա ասում եմ ոչ թե որպես ծնող, այլ որպես մասնագետ։
-Արդյո՞ք Ձեզ հետ խորհրդակցել է ձայնասկավառակի վրա աշխատելիս։
-Խորհրդի կարգով ինձ էլ, ամուսնուս էլ դիմել է։ Նա մեր կարծիքը շատ է հաշվի առնում։ Այսօր նա այնպիսի պրոֆեսիոնալիզմի է հասել, որ շատ դեպքերում մենք ասելիք չունենք էլ։
-Ձեր դուստրը վերջերս երկրորդ անգամ մայրացավ։ Ինչպե՞ս է հասցնում երեխաների խնամքը համատեղել աշխատանքի հետ։ Դուք նրան այդ հարցում օգնու՞մ եք։
-Ես միշտ մեծ սիրով պատրաստ եմ իմ չքնաղ թոռնիկների հետ անցկացնել։ Միշտ զարմանում եմ՝՝ ինչպես է ամեն ինչ հասցնում եւ որեւէ բան չի տուժում։ Կարող է մի ամբողջ օր միասին անցկացնենք, հաջորդ օրն առավոտյան զանգահարի ու ասի՝ մի բան ուղարկեմ, կարող ես լսել։
-Տիկին Մարգարյան, Ձեր վերջին հարցազրույցից հետո հանրության մոտ տագնապ է առաջացել Ձեր հիվանդության մասին լուրերը լսելիս։ Արդյո՞ք այժմ այն հաղթահարել եք։
-Փառք Աստծո, ամեն ինչ հետեւում է, դժվարությունները հաղթահարված են։ Այդ հարցում էլ մեծ հոգատարություն ու աջակցություն եմ ստացել ամուսնուս, դստերս, փեսայիս, կողմից։ Մեկ վայրկյան չեն թողել, որ ես տխրեմ, միշտ կողքիս են եղել։