ՀՀ ԱԳՆ-ն պետբյուջեից կստանա 13 միլիարդ 589 միլիոն դրամ
ЭКОНОМИКАՀայաստանի 2017թ. պետական բյուջեի նախագծով նախատեսվում է արտաքին գործերի նախարարությանը հատկացնել 13 միլիարդ 589 միլիոն դրամ: Ազգային ժողովում ՀՀ 2017թ. պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ այս մասին հայտնեց ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Ատոմ Ջանջուղազյանը:
«Եկող տարվա ընթացքում պետական բյուջեից հատկացված միջոցներով արտաքին գործերի նախարարությունը կիրականացնի 10 բյուջետային ծրագիր: Նախարարության համար նախատեսված միջոցների մեծ մասն օգտագործվելու է դեսպանությունների և ներկայացուցչությունների պահպանման համար: Դրա համար կօգտագործվի 9 միլիարդ 698 միլիոն դրամ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Ջանջուղազյանը:
Նախարարության աշխատակազմի պահպանման ծախսերի համար կօգտագործվի շուրջ 1.2 միլիարդ դրամ: Ատոմ Ջանջուղազյանը հայտնեց, որ այս դեպքում նույնպես բացառություն չի եղել և փորձ է արվել, ծախսերի հաշվակները կատարելիս, առաջնորդվել այն առաջնահերթություններով և գերակայություններով, որոնք ունի ԱԳՆ-ն, ինչպես նաև այն սահմանափակումներով, որ դրված է բյուջեի նախագծի կազմման հիմքում: