Զարկերակային բարձր ճնշումը կարող է աուտոիմունային հիվանդություն լինել
ЛАЙФՀիպերտոնիան կարող է լինել աուտոիմունային հիվանդություն, ինչը նոր հնարավորություններ է բացում այդ խնդրի ուսումնասիրման ու բուժման համար, համարում են ավստրալիացի գիտնականները՝ Մելբուռնի Մոնաշա համալսարանից:
Հիպերտոնիան՝ զարկերակային բարձր ճնշումը, կարող է դառնալ սրտի նոպաների, կաթվածների ու երիկամային անբավարարության պատճառ: Ավելին, հիպերտոնիան առաջին տեղն է զբաղեցնում աշխարհում մահերի ու հաշմանդամության գլխավոր պատճառների շարքում: Հիպերտոնիան, շատ մասնագետների կարծիքով, կարող է պայմանավորված լինել ճարպակալումով, սթրեսով ու սխալ սննդով, սակայն հիվանդության ճշգրիտ պատճառը անհայտ է մնում:
Վերոնշյալ համալսարանի մասնագետները հայտնաբերել են, որ մկների իմունային համակարգի խթանումը կարող է հանգեցնել հիպերտոնիայի, իսկ իմունային պատասխանի նվազեցումը կարող է վերականգնել արյան ճնշման նորմալ մակարդակը: Նրանք նաեւ նկատել են, որ հիպերտոնիա առաջացնող խթանները փաստորեն հանգեցնում են B բջիջների ակտիվացմանը ու արտադրված հակամարմինների ավելցուկի: Գիտնականները նաեւ բացահայտել են, որ այդ հակամարմինները մնում են զարկերակների պատերին ու նպաստում երակներում բորբոքային արձագանքի զարգացմանը, ինչն էլ վերջին հաշվով, հանգեցնում է ճնշման բարձրացմանը: Որոշ B բջիջներ արտադրում են չափազանց մեծ քանակության հակամարմիններ՝ ի պատասխան այնպիսի գործոնների, ինչպիսիք են սթրեսն ու սննդակարգում աղի ավելցուկը: Հետազոտողները նաեւ հայտնաբերել են, որ այն մկները, որոնք մեծացել են առանց հասուն B բջիջների, պաշտպանված են եղել հիպերտոնիայի զարգացումից:
Փորձագետների կարծիքով՝ ստացված արդյունքները հիմք են տալիս ենթադրելու, որ հիպերտոնին կարող է աուտոիմունային հիվանդություն լինել: Ավելին՝ այս տվյալները կարող են օգնել մշակել հիպերտոնիայի բուժման սխեմա այն 15-20 տոկոս մարդկանց համար, որոնց վրա բուժման սովորական մեթոդները չեն ներգործում:



