Ռազմական ինստիտուտում սպանված կուրսանտի գործով նախաքննությունն ավարտվեց
ОБЩЕСТВОՎազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության գործով նախաքննությունն ավարտվեց: Այս մասինNEWS.am-ի թղթակցին ասաց մեղադրյալ, ինստիտուտի պետի արդեն նախկին տեղակալի որդու՝ Գնել Թեւոսյանի փաստաբան Արա Զաքարյանը:
«Գործի նյութերն առաջիկա օրերին կուղարկվեն արդեն կողմերին»,- ասաց փաստաբանը:
Հիշեցնենք, որ 2015թ. հունվարի 29-ին՝ ժամը 06:35-ի սահմանում Երեւանում տեղակայված ուսումնական զորամասերից մեկի մարզահրապարակում հայտնաբերվել էր նույն զորամասի 1-ին կուրսի ուսանող Հայկազ Արկադիի Բարսեղյանի դին՝ պտտաձողի վրա պարանով կախված վիճակում:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով: Մեղադրանք է առաջադրվել Հայկազ Բարսեղյանի համածառայակիցներ Վաչե Սահակյանին, Մովսես Ազարյանին, Գնել Թեւոսյանին եւ Նորիկ Սահակյանին, նրանք կալանավորված են:
Նույն դեպքով օրեր անց կալանավորվել է նաեւ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի սպա, կապիտան Արտյոմ Ավետիսյանը, որին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 1-ին մասով:



