Աշխարհի կրկնակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանին մեծ ցնծությամբ դիմավորեցին «Զվարթնոցում»
СПОРТNEWS.am Sport-ը գրում է.
Աշխարհի կրկնակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը, հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի թիմը՝ հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանի գլխավորությամբ սեպտեմբերի 11-ին Լաս Վեգասից վերադարձան Հայաստան:
Ամեն տարվա սեպտեմբերը կարծես ավանդույթ է դարձել «Զվարթնոց» օդանավակայանում մեծ շուքով ըմբշամարտի աշխարհի չեմպիոն դիմավորելը: Նախորդ տարի սեպտեմբերի 15-ին էր, երբ Արթուր Ալեքսանյանն ու Արթուր Ջուլֆալակյանը աշխարհի չեմպիոնի տիտղոսով վերադարձան հայրենիք: Այս տարի մարզաշխարհի համար տոնական օրը սեպտեմբերի 11-ն է. ըմբշամարտի Հայաստանի թիմը Լաս Վեգասից վերադարձավ հայրենիք՝ հաղթանակած՝մեկ ոսկե մեդալով, աշխարհի կրկնակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանի հետ:
«Զվարթնոց» օդանավակայանի սպասասրահում ազատ տեղ չկար: Աշխարհի կրկնակի չեմպիոնին դիմավորելու էր եկել գրեթե ամբողջ Գյումրին, Արթուր Ալեքսանյանի ընտանիքը, հարազատները, ընկերները, մարզաշխարհի ներկայացուցիչները, ինչպես նաեւ Հայաստանի սպորտի նախարար Գաբրիել Ղազարյանը եւ ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը: Հայաստանի թիմի վայրեջքից 2 ժամ առաջ օդանավակայանի սպասասրահն արդեն մարդաշատ էր: Երկրպագուները դրոշներով, ծաղկեփնջերով, դհոլ-զուռնայով, Արթուր Ալեքսանյանի չեմպիոնական նկարը պատկերող շապիկներով եւ սպասում էին իրենց չեմպիոնին:
Դիմավորողներից ամենահուզվածն ու անհամբերությամբ սպասողը Արթուրի մայրն էր՝ տիկին Շողիկը, ով հուզմունքից չկարողացավ արտահայտել զգացողությունները որդու հաղթանակի հետ կապված: Նրա խոսքով, հույս ունի, որ մեկ տարի անց նույն վայրում նույնքան հուզվածությամբ ու ոգեւորությամբ կսպասի օլիմպիական չեմպիոն որդու վերադարձին:
Արթուր Ալեքսանյանը օդանավակայանից անմիջապես ուղեւորվեց Գյումրի:
Շարունակությունը՝ այստեղ: