«Բիզնեսի, կառավարման մեջ մի թեզ կա, որը չափազանց կարևոր է». Կարեն Կարապետյան
ЭКОНОМИКАՎարչապետ Կարեն Կարապետյանը նոյեմբերի 18-ին աշխատանքային այց է կատարել Արագածոտնի մարզ: Կառավարության ղեկավարը նախ եղել է Աշտարակում, որտեղ նրան է ներկայացվել քաղաքի զբոսաշրջության զարգացման նախագիծը: Մասնավորապես, նախատեսվում է Աշտարակի 11-րդ դարի հին կամուրջի շրջակայքում, որտեղ առկա են եկեղեցիներ, պատմամշակութային հուշարձաններ, ձիարշավարան, հանգստի գոտի, վերականգնել քաղաքի կոլորիտը, որը կարող է գրավիչ դառնալ զբոսաշրջիկների համար: Նախագծի նպատակն է Աշտարակը դարձնել զբոսաշրջային հետաքրքիր ուղղություններից մեկը: Նախատեսվում է առաջիկայում մշակել քաղաքի զբոսաշրջության զարգացման ծրագիրը, որի շրջանակում կյանքի կկոչվեն նաև ենթակառուցվածքային նախագծեր: Նշվել է, որ Աշտարակը զբոսաշրջության տեսանկյունից ուշադրության կենտրոնում է և ծրագիրը պետք է իրականացվի պետություն-մասնավոր համագործակցությամբ, նաև միջազգային կազմակերպությունների ներգրավմամբ: Վարչապետ Կարապետյանը ողջունել է նախաձեռնությունը և հանձնարարել հնարավորինս արագ մշակել ծրագիրը և այն ներկայացնել կառավարություն:
Անդրադառնալով մարզի զարգացման ծրագրին՝ Կարեն Կարապետյանը ներկայացրել է համայնքների ղեկավարներից իր ակնկալիքները: «Երևանում չկա մի խելոք մարդ, որը ձեզնից լավ է պատկերացնում ձեր համայնքի, ձեր մարզի զարգացումը: Այդ իսկ պատճառով, Երևանի հետ գործնական հարաբերություններում և կառավարության հետ շփումից արդյունքները շատ խիստ կապված են նրանից, թե դուք ինչքանով եք ռեալ, պրագմատիկ պատկերացնում մարզի, համայնքի զարգացումը, խնդիրները, պակասը, այն, թե ինչի կարիք ունեք: Մենք ունենք սահմանափակ բյուջե, սահմանափակ միջոցներ, բայց բազմաթիվ կարողություններ, որպեսզի բավականին լավ պայմաններով ֆինանսներ ներգրավենք: Ո՞ւր պետք է ուղղենք այդ ֆինանսը. պետք է ուղղենք ռազմավարական որոշակի խնդիրների լուծմանը, նաև այն ոլորտներ, որտեղ մաքսիմալ արագ, շահութաբեր և էֆեկտիվ ծրագրեր ունենք: Ո՞ր գործընկերոջ հետ ենք մենք աշխատելու. որը հարցին լավ է տիրապետում, վստահ է, որ այս ծրագիրը կիրագործի, նաև զուգահեռ բեռ կվերցնի իր վրա: Մինչև դուք չպատկերացնեք ձեզ ինչ է պետք, Երևանում որևէ մեկը չի պատկերացնելու»,- ընդգծել է վարչապետը: Կառավարության ղեկավարի խոսքով՝ եթե մարզպետն ու համայնքների ղեկավարները չպատկերացնեն իրենց ինչ է պետք, երբևէ դրական և արդյունավետ տեղաշարժ չի լինելու: «Բիզնեսի, կառավարման մեջ մի թեզ կա, որը չափազանց կարևոր է. եթե դու կարող ես դա պատկերացնել, ապա դու շանս ունես դա անել: Դուք անպայման պետք է ունենաք այդ պատկերացումը, թե ինչ եք ցանկանում: Պետք է ամփոփել, պատրաստել մի նյութ, որից կիրառական արդյունք կլինի և մենք ըստ դրա քայլ առ քայլ կգնանք առաջ: Պետք է պատրանքներից դուրս գանք և նստենք ու առարկայական խոսենք»,- նշել է Կարեն Կարապետյանը: