«Միայն խոհանոցում եմ գերազանցում Արևիկին». Արևիկ Ուդումյանի քրոջ նոր նախագծի շնորհանդեսը
ФОТОBlognews.am-ը գրում է.
Արագ, համեղ և հեշտ պատրաստվող. այսպիսի բաղադրատոմսեր է առաջարկում Հելեն Ուդումյանն իր «Kitchen with Helen» բլոգում: Իր 40 ամյակի օրը Հելենն ընկերներին հրավիրել էր միասին տոնելու օրն ու ազդարարելու նախագծի պաշտոնական մեկնարկը:
«Ես այսօր դառնում եմ 40 տարեկան, սակայն դա այնքան մեծ իրադարձություն չէ, որքան իմ նախագծի՝ «Kitchen with Helen»-ի շնորհանդեսը: Բլոգիս բացումն արել եմ մի քանի ամիս առաջ, սակայն հիմա հասունացավ պահը, երբ այն պետք էր ավելի մասսայական ներկայացնել»,- BlogNews-ին ասաց Հելենն ու նշեց, որ առայժմ նախագիծը ներկայացնելու է համացանցում, սակայն նշեց, որ արդեն պայմանավորվածություններ ունի այն հեռուստատեսությամբ ևս ներկայացնելու համար:
Երեկույթը սկսվեց մնջախաղով: Հելենն իր հյուրերին առաջարկեց իտալական խոհանոցի ուտեստներ: Հյուրերի համար ուտեստներ պատրաստվեցին նաև տեղում:) Երաժշտական մասն ապահովեցին «The band»-ը և «Kitchen records»-ը: ««The band»-ի երաժշտական ոճը շատ լավն է: Պրոֆեսիոնալ են նվագում: Ներկայացնում են այն երաժշտությունը, որն իմ հյուրերի ճաշակին համապատասխան է: Իրենց մենակատարին՝ Կարինե Առուստամյանին էլ շատ եմ սիրում թե՛ որպես երգչուհի, թե՛ որպես մարդ: Այսօր լավ երաժշտություն կապահովի նաև «Kitchen records»-ը: Մեզ միավորեց իրենց անունը:) Որոշել ենք միասին տարբեր նախագծեր անել, սկիզբը դնում ենք ծննդյանս օրը»,- նշեց Հելենը:
Ըստ հաղորդավարուհու՝ այժմ հետաքրքիր են կարճ, գունավոր, հեշտ ըմբռնելի տեսանյութեր, որովհետև հիմա կյանքի ռիթմը շատ է արագացել: «Հենց այդ սկզբունքով ենք մենք պատրաստում մեր տեսանյութերը: Վերջերս ենք վերադարձել Վրաստանից: Շուտով պատրաստ կլինեն վրացական խոհանոցը ներկայացնող մեր թողարկումները: Այդ ընթացքում կգնանք Վիեննա: Կներկայացնենք իրենց խոհանոցը Սուրբ ծննդյան և Նոր տարվա թեմաներով: Պրահայում կնկարահանենք Զատկական սեղանի ուտեստների բաղադրատոմսեր: Շարունակում ենք աշխատել նաև տարբեր հյուրանոցների և ռեստորանների շեֆ խոհարարներին»,- ասաց Հելենը:
Նա նշեց, որ որպես կին՝ միշտ խոհանոցում է: «Նախագծի միտքը ծագեց, որովհետև ինձ պետք էր հետաքրքիր և հաճելի մի զբաղմունքով վերադառնալ ակտիվ կյանք: Ես 7 տարի մամա էի աշխատում:) 2 բալիկներս ծնվեցին, մեծացան: Շատ եմ սիրում համեղ պատրաստել իմ ընտանիքի համար: Ցանկացա տարածել դա,- նշեց Հելենն ու հավելեց, որ համեղ պատրաստելու համար անպայման չէ լինել պրոֆեսիոնալ խոհարար: -Բավական է ունենալ ցանկություն, այդ ամենում հոգի ու սեր դնել և սովորել այն, ինչ չգիտես: Ես անընդհատ հարցուփորձ եմ անում խոհարարներին, տնային տնտեսուհիներին ու չեմ թաքցնում դա»:
Հելենը շեշտեց, որ մշակույթը և խոհանոցը սերտորեն փոխկապակցված են. «Հունվարից սկսում ենք ներկայացնել հայկական մշակույթն ու խոհանոցը դրսում և տարբեր երկրների խոհանոցը՝ Հայաստանում: Մեծ ծրագրեր ունենք, որոնց մասին առայժմ չեմ խոսի»:
Հելենը հաղորդավարուհի Արևիկ Ուդումյանի քույրիկն է: Նրանից հետաքրքրվեցինք՝ իրենցից ո՞վ է ավելի վառ փայլում խոհանոցում:) «Խոհանոցում՝ ես, մնացած բոլոր առումներով՝ Արևիկը:) Նա նայում է իմ թողարկումները, տանը պատրաստում այդ ուտեստները և նկարում, ուղարկում: Որպես կին՝ ինձ նկատողություններ է անում:) Օգնում իր խորհուրդներով, ասում է՝ որ ուտեստի համն ինչպես ստացվեց կամ՝ այս պահը չզգացի՝ ինչպես արեցիր: Մարդիկ չեն հասկանա, արագ էր»,- պատմեց Հելենը:
Նյութը՝ Ամալյա Հովհաննիսյանի