Հայաստանի տնտեսական ակտիվությունն աճել է 0,4 տոկոսով
ЭКОНОМИКАՀայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը 2016 թվականի հունվար-հոկտեմբերին 0,4 տոկոսով գերազանցել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը: Այս տարվա հոկտեմբերին, սեպտեմբերի համեմատ, ցուցանիշը նվազել է 18,7 տոկոսով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ`ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը ներկայացրել է երկրի սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող ընթացիկ-օպերատիվ ամփոփմամբ ստացված նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները:
Անկում է գրանցվել շինարարության, առևտրի շրջանառության, էլեկտրաէներգիայի արտադրության ոլորտներում: Սպառողական գների ինդեքսը նվազել է 1.5 տոկոսով: Արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսն աճել է 0.5 տոկոսով: Շինարարության ծավալը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 9.8 տոկոսով: Էլեկտրաէներգիայի արտադրության ոլորտում նվազումը 6.3 տոկոս է: 2015 թ. հունվար-հոկտեմբերի համեմատ ընթացիկ տարում ծառայությունների ծավալն (առանց առևտրի) աճել է 7,7 տոկոսով, իսկ գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը նվազել է 7,3 տոկոսով:
Առեւտրի շրջանառությունը 2016-ի հունվար-հոկտեմբերին նվազել է 0.1 տոկոսով` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, և կազմել 1 տրիլիոն 753 միլիարդ 834,1 միլիոն դրամ: Արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 6,5 տոկոսով` կազմելով 1 տրիլիոն 152 միլիարդ 223.3 միլիոն դրամ:
Միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 2.4 տոկոսով (185 հազար 689 դրամ). ընդ որում պետական հատվածում միջին ամսական անվանական աշխատավարձը նվազել է 1,1 տոկոսով` կազմելով 159 հազար 791 դրամ, ոչ պետական հատվածում աշխատավարձն աճել է 5,2 տոկոսով` կազմելով 219 հազար 893 դրամ: Արտաքին առևտրաշրջանառության ծավալները 2015 թ. հունվար-սեպտեմբերի համեմատ աճել են 6,1 տոկոսով (4 միլիարդ 067 միլիոն ԱՄՆ դոլար), ընդ որում` արտահանումն ավելացել է 19.8 տոկոսով (1 միլիարդ 453,7 մլն դոլար), իսկ ներմուծումը նվազել է 0.3 տոկոսով (2 միլիարդ 613,3 մլն դոլար):
Դրամի փոխարժեքն ԱՄՆ դոլարի նկատմամբ կազմել է 480.45:
Բոլոր բացարձակ ցուցանիշները ներկայացված են ընթացիկ գներով: