Life.panorama.am-ը գրում է.
Life.panorama.am-ի զրուցակիցն է դերասանուհի Անի Լուպեն, ով այժմ նկարահանվում է «Ազիզյաններ» սիթքոմում:
Անի, մեր զրույցն ուզում եմ սկսեմ Ձեր հետաքրքիր բեմական կեղծանվան նախապատմությամբ. Ինչո՞ւ Անի Լուպե:
- Տարիներ առաջ Հայաստանի իսպանական կենտրոնի հետ էի աշխատում, որտեղ նաեւ Վենսուելայից մի տղա էր երգում: Նա երկու անուն ուներ եւ մեկ ազգանուն ու դա ինձ միշտ հետաքրքրում էր, իմ հարցերից ելնելով` մի օր ասաց, որ ես էլ կարող եմ որպես Անի Գուադա Լուպե անունով ներկայանալ, ինչի հետ ես չհամաձայնեցի: Իսկ երբ նա արդեն վերադառնում էր իր երկիր, ինձ ասաց` եթե լատինոամերիկյան երաժշտություն երգեմ, ուրեմն Լուպե անունով ներկայանամ, ով սիրո աստվածուհին է: Դրանից ժամանակ անց, երբ երեւանյան ակումբներից մեկում աշխատանքի էի անցնում, ինձ հարցրին` ինչպես ներկայացնեն` Անի Գրիգորյա՞ն, ու այդտեղ միանգամից հիշեցի վենեսուելացի ընկերոջս եւ ասացի ոչ, ինձ Անի Լուպե ներկայացրեք: Այդպես էլ մնացի Անի Լուպե:
Անի, գիտեմ, որ հեռուստատեսային նախածերում այնքան էլ չեք սիրում ներկայանալ, սակայն հիմա Ձեզ տեսնում ենք «Ազիզյաններ» սիթքոմում. Ինչպե՞ս ստացվեց, որ համաձայնեցիք ի վերջո նկարահանվել:
- Նախ ասեմ, որ հեռուստատեսային նախագծերին դեմ չեմ, պարզապես ես չեմ սիրում դրանցում ներկայանալ, քանի որ նկարահանվելով չես ստանում այն էմոցիան, ինչը տեղի է ունենում կենդանի շփման ժամանակ, օրինակ` թատրոնում: Առաջարկներ ունեցել եմ ու միշտ էլ այս բացատրությամբ մերժել եմ: Իսկ այս անգամ համաձայնեցի, քանի որ Մարությանների թիմը սիրում եմ, մինչ այս սիթքոմն էլ ծանոթ էի նրանց աշխատելաոճին: Ինձ շատ ոգեւորեց նաեւ կերպարս, ում մեջ կարծես թե հավաքված է բոլոր տնային տնտեսուհիներից մի փոքրիկ մասնիկ, կարծում եմ` նրա մեջ ամեն մեկն իրեն կտեսնի: Սա առաջին նախագիծն է, որտեղ նկարվեցի, ամեն դեպքում` ինձ լավ եմ զգում: Ի դեպ` նշեմ, որ Հայկ Մարությանն ինձ պատմեց, որ աշխարհում նման սիթքոմները նկարահանվում են հանդիսատեսով` թատրոնի նման. Հիմա դա պատկերացնելով եմ խաղում ու ինձ անհրաժեշտ էմոցիաները փորձում զգալ:
Ձեզ ավելի շատ կոմեդիկ ժանրում եք տեսնո՞ւմ:
- Եթե անկեղծ` ոչ: Իհարկե, կյանքի բերումով ավելի շատ կոմեդիա եմ խաղում, բայց մեկ է` ես դրաման ավելի եմ սիրում: Կցանկանամ մի լավ սցենարով գեղարվեստական ֆիլմում խաղալ:
Երեւանի Կամերային թատրոնում արդեն երկար ժամանակ է աշխատում եք. Ձեզ այստեղ լիարժեք զգո՞ւմ եք:
- Մեզ մոտ սկսած դռնապահից, վերջացրած դերասաններով, բոլորը միմյանցից շատ տարբեր են, միաժամանակ ֆանտաստիկ լրացնող իրար: Չեմ ուզում ծեծված խոսքեր ասել, բայց իսկապես մերոնք մի քիչ ուրիշ են, կարծես հատուկ լինեն: Մեզ մոտ վեճեր չեն լինում, իրար հանդեպ սեր ու մարդկային վերաբերմունք կա: Այս միջավայրում լիարժեք չզգալ չեմ կարող: Ի դեպ` այս պահին նոր ներկայացումներով ենք զբաղված, որոնք հավանաբար կյանքի կկոչվեն 2017-ին:
Անի, նաեւ երգում եք: Հետաքրքիր է` այս ոլորտում ի՞նչ քայլեր եք ձեռնարկում եւ արդյոք Ձեզ համար երգարվեստն ու դերասանական արվեստը հավասար դիրքերում են:
- Առաջ բենդ ունեի, տարբեր ակումբներում էի աշխատում, բայց հիմա ժամանակս չի բավականացնում ու երգում եմ միայն կոնկրետ ռեստորանում: Ասեմ, որ ինձ համար այս երկու արվեստները միմյանց չեն խանգարում եւ անգամ դրանցից որեւէ մեկին նախապատվություն չեմ տալիս: Ինձ համար նույն է, ինչ մորը հարցնեն` ո՞ր բալիկիդ ես ավելի շատ սիրում: Ես սիրում եմ երգել լատինոամերիկյան երգեր, սակայն երգում եմ ամեն ինչ, անգամ ժողովրդական երգեր:
Անի, դուք այն արտիստներից եք, ով չի խուսափում անձնական կյանքի մասին խոսել: Գիտեմ, որ ունեք սիրելի, կպատմե՞ք նրա մասին:
- Նախ պետք է ասեմ, որ ես տեսակով անընդհատ պետք է սիրահարված լինեմ. Դա հոգեվիճակ է, առանց որի ապրելն ինձ համար գորշ է: Այո, ես սիրում եմ ամեն ինչի մասին խոսել, միաժամանակ հարգում եմ կողքինիս որոշումն ու իր մասին խոսում եմ սահմանափակ: Կարող եմ ասել միայն, որ սիրում եմ ու սիրված եմ: