411.6 կգ. հսկայական թյունոսին որսած կինը համաշխարհային ռեկորդ է սահմանել (լուսանկարներ)
ЛАЙФՆոր Զելանդիայի Օքլենդ քաղաքի բնակչուհի Դոնա Պասկոեն անցած տարի հայտնվել էր միջազգային ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում, քանի որ իրեն հաջողվել էր 4 ժամ տևած լարված պայքարից հետո ջրից դուրս հանել 411.6 կգ քաշով հսկայական թյունոս ձկանը:
Ինչպես նշում է dailymail.co.uk-ը, Խաղաղ օվկիանոսում որսված 3 մետրանոց ձկան շնորհիվ այժմ նորզելանդուհին համաշխարհային ռեկորդ է սահմանել` International Gamefish Association Awards մրցանակաբաշխության շրջանակներում պարգևատրվելով «Լավագույն համաշխարհային ռեկորդ» անվանակարգում:
Աղբյուրը մանրամասնում է, որ 2 երեխայի մայրը հաղթել է տվյալ անվանակարգում` առաջ անցնելով մի քանի հարյուր ռեկորդակրից:
Մրցանակաբաշխության ժյուրիի անդամները պատմել են, որ իրենք որոշել են լավագույնի կոչումը տալ Պասկոեին, քանի որ հաշվի են առել այն բարդ եղանակային պայմանները, որոնց ընթացքում անվախ նորզելանդուհին հետապնդել է ծովային հսկային:
«Տարածված կարծիք կա, որ կանայք լավ ձկնորս չեն: Բայց իմ օրինակն ապացուցում է, որ մենք նույնպիսի ունակություններով ենք օժտված, ինչպես որ տղամարդիկ»,-ասել է Պասկոեն:







