ՀԷՑ-ը սպառած էլեկտրաէներգիայի հաշվարկման նոր ծրագիր է ուղարկել բանկերին և փոստային բաժանմունքներին
ЭКОНОМИКА«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն դեռևս սեպտեմբերի 11-ին բնակիչ-բաժանորդների օգոստոս ամսվա սպառած էլեկտրաէներգիայի դիմաց կատարվելիք վճարումների մասին տվյալները փոխանցել է բանկերին և փոստային բաժանմունքներին: «Մենք արդեն բանկերին և փոստային բաժանմունքներին ուղարկել ենք ՀԷՑ-ի բաժանորդների ծախսերը հաշվարկող ծրագրային փաթեթը. այդ ծրագրին հարմարվելու համար որոշակի ժամանակ է անհրաժեշտ յուրաքանչյուր բանկին, որից հետո քաղաքացիները կկարողանան վճարել օգոստոս ամսվա սպառած էլեկտրաէներգիայի դիմաց»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց ՀԷՑ մամուլի խոսնակ Նատալյա Սարջանյանը' հիշեցնելով, որ հասարակ սպառողները, ինչպես նաև այն փոքր ու միջին ձեռնարկությունները, որոնք սպառում են մինչև 500 կիլովատ էլեկտրաէներգիա, վճարելու են հին սակագնով:
Նա նշեց նաև, որ բնակիչ-բաժանորդներն իրենց անդորրագրերի վրա հնարավորություն կունենան տեսնել ծախսած էլեկտրաէներգիայի արժեքը նոր սակագնով, ինչպես նաև հաշվիչի ցուցմունքները: «Անդորրագրերում առանձին նշված են լինելու բաժանորդների կողմից վճարման ենթակա գումարները, ինչպես նաև ՀՀ կառավարության կողմից սուբսիդավորվող գումարը»,- նկատեց Սարջանյանը:
Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման մասով բնակիչ-բաժանորդներին ու փոքր ու միջին բիզնեսի ներկայացուցիչներին կառավարությունը սուբսիդավորում կհատկացնի մինչև Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում ընթացող խորհրդատվական աշխատանքների ավարտը: Այդ մասին օգոստոսի 31-ին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը:
Նրա խոսքով՝ ամսական մինչև 500 կՎտ ժամ էլեկտրաէներիա ծախսող փոքր ու միջին բիզնեսի համար կառավարությունն էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը կփոխհատուցի կիսով չափ՝ 250 կՎտ ժամի համար: «Փոքր ու միջին բիզնեսի ծախսերի շրջանակները 500-600 կՎտ ժամի սահմաններում են: Նրանց մի մասը 250 կՎտ ժամի չափով է սուբսիդավորվելու: Մեծ արտադրական ձեռնարկություններն ու խոշոր բիզնեսը չի սուբսիդավորվելու»,- հայտնեց նախարարը: