Ֆասթ ֆուդը փոքրացնում է մարդու ուղեղի չափը
ЛАЙФՊարբերաբար անառողջ սնունդ օգտագործող մարդկանց մոտ փոքրանում է ուղեղի այն հատվածը, որն անմիջական կապ ունի հիշողության եւ հոգեկան առողջության հետ։ Նման կարծիք են հայտնել Ավստրալիայի Դիքինի համալսարանի Բժշկական դպրոցի գիտնականները։ Անառողջ սնունդ դասակարգման մեջ են մտնում քաղցր ըմպելիքները, աղի նախուտեստները եւ վերամշակված միսը։
Թեեւ հետազոտությունն անց է կացվել 60 տարեկանից բարձր մարդկանց շրջանում, մասնագետները ենթադրում են, որ այդ եզրակացությունը արդիական է բոլոր տարիքի մարդկանց համար, այդ թվում՝ երեխաների։ Բնականաբար, ոչ ոքի համար նորություն չէ, որ սնունդն ազդում է ուղեղի վրա, օրինակ՝ հիպոկամպի չափի եւ գործառույթների վրա, սակայն մինչ օրս այդ հետազոտություններն անց էին կացվել մկների եւ առնետների վրա։
Այս անգամ մասնագետները օգտագործել են մագնիտառեզոնանսային տոմոգրաֆ, որպեսզի չափեն 60-64 տարեկան մարդկանց հիպոկամպերը։ Արդյունքները ցույց են տվել, որ մարդիկ, ովքեր ավելի շատ են կերել անառողջ սնունդ, նրանց ձախ հիպոկամպն ավելի փոքր է եղել, ի տարբերություն մարդկանց, որոնք առողջ սնունդ են օգտագործել՝ միրգ, բանջարեղեն ձուկ։
Հիպոկամպը սովորելու եւ հիշողության համար հիմնական պատասխանատուն է, ավելին՝ այն ուղեղի առանցքային մասն է, որը կապված է մարդու հոգեկան առողջության հետ։ Այդ պատճառով այս հետազոտությունը եւս մեկ անգամ ընդգծում է երեխաների, դեռահասների եւ մեծահասակների համար առողջ սննդի կարեւորությունը։



