«Երկրաշարժ» ֆիլմի դերասանները` 1988-ի աղետի եւ նկարահանմանը ստեղծված մթնոլորտի մասին
ФОТО1988թ-ի դեկտեմբերի 7-ից անցել է 28 տարի, սակայն Սպիտակի երկրաշարժից մնացած ծանր հիշողությունները դեռեւս թարմ են, հատկապես, այն վերապրած հայերի համար:
Այսօր` դեկտեմբերի 7-ին, կայացած ասուլիսի ժամանակ Սարիկ Անդրեասյանի «Երկրաշարժ» ֆիլմի դերասաններ Հրանտ Թոխատյանը, Արման Նավասարդյանը, Արմեն Մարգարյանն ու Տաթեւ Հովակիմյանը խոսեցին ֆիլմի եւ աղետից մնացած սեփական հիշողությունների մասին.
«Դեկտեմբերի 8-ին օգնություն ցուցաբերելու նպատակով Կամերային թատրոնի գործընկերներիս հետ այցելեցինք Գյումրի: Այնտեղ վերադարձանք նաեւ դեկտեմբերի 29-ին` հեքիաթի հերոսների կերպարներով, որ ինչ-որ կերպ կարողանայինք ուրախացնել երեխաներին: Բայց հասկացանք, որ շատ ծանր է: Դերասաններից շատերը վերադարձան ավտոբուս... Որպես Ձմեռ պապ` մնացի մենակ երեխաների հետ: Դա իմ խաղացած ամենադժվար դերն է եղել»,-հիշում է Հրանտ Թոխատյանը:
Դերասան Արման Նավասարդյանն այդ շրջանում մանկապարտեզ էր հաճախում.
«Հիշում եմ, թե ինչպես ցնցվեց մանկապարտեզի շենքը, մենք մտանք սեղանի տակ: Իսկ երբ մեզ դուրս բերեցին, երկնքում ահռելի քանակությամբ ուղղաթիռներ տեսանք: Չէիք հասկանում, թե ինչ էր կատարվում...»:
Երկրաշարժն այդ ժամանակ անհասկանալի երեւույթ էր նաեւ Արմեն Մարգարյանի համար.
«Դպրոցի բակում մի ահռելի ծառ կար, որը հանկարծ սկսեց շարժվել, մտածեցինք կենդանանում է»:
Ի տարբերություն ավագ գործընկերների` Տաթեւ Հովակիմյանը աղետի մասին լսել է միայն ականատեսների պատմածներով, սակայն ըստ նրա` նկարահանման հրապարակը միանգամից տրամադրել է, որ վերապրի այդ կործանարար աղետը.
«Ստեղծագործական խումբը 200 հոգով կարողացան այնպիսի լռություն ստեղծել, որ ես միանգամից զգացի, որ գտնվում եմ կյանքի ու մահվան կռվի մեջ»,-ասում է երիտասարդ դերասանուհին:
Սպիտակի երկրաշարժի մասին պատմող առաջին ֆիլմի մասին կարծիքները տարբեր էին, ինչը Հրանտ Թոխատյանը բնական է համարում, սակայն կինոնկարը հուզել է նկարահանված բոլոր դերասաններին` թե հայ, թե օտարազգի.
«Յուրաքանչյուր նկարահանում ավարտում էինք մեկ րոպե լռությամբ: Այս ֆիլմն, իսկապես, հարգանքի տուրք էր մեր դժբախտության զոհերին»,-ասում են դերասանները:
Սյունե Առաքելյան
Աղբյուրը՝ NEWS.am STYLE