Հայ հայտնիներից ովքեր ծնող դարձան 2016-ին (լուսանկարներ)
ФОТОLife.tert.am-ը գրում է.
Ամփոփելով տարին Tert.am Life-ը ներկայացնում է այն հայ հայտնիներին, որոնց ընտանիքում համալրում է եղել: 2016-ը նոր զգացումներ ու հույզեր է պարգևել Սիրուշոյին, Արևիկ Ուդումյանին, Ինգա Արշակյանին, Ֆաինա Հարությունյանին, Արևո Գևորգյանին, Լիլուին, Ռոլանդ Գասպարյանին, Վահե Խանամիրյանին ու Լիլիթ Մուրադյանին, Արևիկ Ալավերդյանին, Ավետ Բարսեղյանին, Վահագն Ստեփանյանին՝ Դելոյին, Արթուր Աբրահամին, Արփինե Իսրայելյանին, Նարեկ Բավեյանին:
Տարին բարի լուրով սկսվեց հաղորդավարներ Վահե Խանամիրյանի և Լիլիթ Մուրադյանի համար: Նրանց առաջնեկը ծնվել է փետրվարի 23-ին: Հաղորդավարուհին ամուսնուն դուստր է պարգևել: Վահեն այդ առիթով ֆեյսբուքյան էջում գրել էր. «Ամենակարևոր օրն է մեզ համար։ Նոր փուլ, նոր կարգավիճակ, նոր պատասխանատվություն, նոր երջանկություն։ Մինչև հիմա իմի չէի բերել զգացողություններս ու զգացմունքներս, նոր գիտակցումով եմ սկսել օրս...»:
Մարտի 2-ին հայտնի դարձավ, որ երգչուհի Ինգա Արշակյանը մայր է դարձել: Նա ամուսնուն՝ Աշոտին, դուստր է պարգևել։
Երգչուհի Սիրուշոն 2016-ին երկրորդ անգամ է մայրացել: Մայիսի 19-ին երգչուհին իր ամուսնուն՝ Լևոն Քոչարյանին, արու զավակ է պարգևել: Նրան անվանել են Միքայել: Փոքրիկը ծնվել է Ֆրանսիայում, իսկ զույգի առաջնեկը` Ռոբերտ Քոչարյան կրտսերը, ծնվել է 2014 թվականին ԱՄՆ-ում:
Հունիսի 3-ին Երևանում ծնվել է երգչուհի Լիլուի առաջնեկը: Տարեսկզբին պսակադրված երգչուհին իր ամուսնուն տղա է պարգևել: Երգչուհին այս ընթացքում որդու հետ ԱՄՆ-ում է, որտեղից հաճախ լուսանկարներ է հրապարակում:
«Դոմինո» սիթքոմի դերասան, երգիչ Նարեկ Բավեյանին հունիսի 13-ին իր կինը՝ պարուհի Քրիստինա Սարգսյանը, արու զավակ է պարգևել: Զույգն իրենց առաջնեկին անվանել են Մարկ:
Դերասանուհի Արփինե Իսրայելյանի ու բեմադրող-նկարիչ Ներսես Սեդրակյանի առաջնեկը ծնվել է հուլիսի 6-ին: Դերասանուհին ամուսնուն արու զավակ է պարգևել: Ծնողները տղային անվանել են Դավիթ:
Նախորդ տարի հունիսին ամուսնացած Արևիկ Ուդումյանը և Արամ Վարդևանյանը ծնող են դարձել օգոստոսի 8-ին: Հաղորդավարուհին ամուսնուն արու զավակ է պարգևել:
Օգոստոսի 8-ին ծնվել է «Jazzel» խմբի վոկալիստ, «Հայաստանի ձայնը 2» նախագծի ֆինալիստ Արևո Գրիգորյանի և երաժիշտ-դիջեյ Բագրատ Տերտերյանի՝ Beatman-ի առաջնեկը: Արևոն ամուսնուն դուստր է պարգևել: Հայրիկը ֆեյսբուքյան իր էջում նշել է, որ բալիկը կշռում է 3,150 կգ, հասակը՝ 50սմ: Ծնողները երեխային Վիկտորիա է անվանակոչել:
Դիզայներ Ֆաինա Հարությունյանի ու օպերատոր Արտյոմ Աբովյանի առաջնեկը լույս աշխարհ է եկել օգոստոսի 16-ին: Ֆաինան ամուսնուն դուստր է պարգևել: Նրանք դստերը Նիկա են անվանել:
Օգոստոսի 25-ին ծնվել է Առաջին ալիքի հաղորդավար Ավետ Բարսեղյանի և Անի Քաթաբյանի առաջնեկը: Նորածին դստերը ծնողները կնքել են Լուսե անվամբ:
Սեպտեմբերի 23-ին ԱՄՆ-ում ծնվել է դերասան Վահագն Ստեփանյանի՝ Դելոյի և նրա կնոջ առաջնեկը: Ծնողները երեխային անվանակոչել են Նարեկ-Քրիստո:
Հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը սեպտեմբերի 26-ին հայր է դարձել: Արթուրը և իր կինը իրենց առաջնեկին անվանել են Գրիգոր: Բռնցքամարտիկը ֆեյսբուքյան էջում կիսվել էր իր տպավորությամբ. «Իմ նոր աշխարհ: Շնորհակալ եմ Աստծուն հրաշք նվերի համար»:
Սեպտեմբերի 29-ին ծնվել է «Ռեինկարնացիա» խմբի մեներգիչ Ռոլանդ Գասպարյանի առաջնեկը: Նրա կինը՝ պարուհի Գայանեն, դուստր է պարգևել երգչին: Ծնողները աղջկան անվանել են Նանե: Ռոլանդն այդ օրերին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել. «Կյանքում շատ լավ զգացողություններ եմ ունեցել իբրև երջանիկ... բայց նման իսկական և օրգանիկ զգացմունք երբեք չեմ ունեցել... ուրախությանս չափ ու սահման չկա...Աննկարագրելի զգացողություններ ունեմ, որ խոսքերով չեմ կարող արտահայտել... Շնորհակալ եմ Տիեզերքին նման պարգևի համար...»:
Ֆրանսիայում բնակվող երգչուհի Արևիկ Ալավերդյանը դեկտեմբերի 7-ին իր ամուսնուն՝ Հայկ Շահբազյանին, արու զավակ է պարգևել: Երգչուհու առաջնեկը ծնվել է Ֆրանսիայում: Ծնողներն իրնեց որդու անվանել են Դավիթ:
Նյութը՝ Մելինե Տոնոյանի