Ռուսաստանից և Ուկրաինայից ստացվող հումանիտար օգնությունը նվազել է
ЭКОНОМИКАԱզգային վիճակագրական ծառայության տվյալներից տեղեկանում ենք, թե ինչպիսի պատկեր ունի 2016 թ. հունվար–հոկտեմբեր ամիսներին Հայաստան ուղարկված մարդասիրական օգնությունը:
Ինչպես կարդում ենք ԱՎԾ–ի կայքում՝ ըստ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի կողմից տրամադրած բեռնամաքսային հայտարարագրերի տվյալների, 2016 թ. հունվար–հոկտեմբերին մարդասիրական օգնության կարգով Հայաստանի Հանրապետություն է ներմուծվել 7 039,8 տոննա ապրանք, որի արժեքը կազմել է 42 միլիոն 40 հազար 900 ԱՄՆ դոլար:
Ստացված օգնության 52,6%–ը կազմել են քիմիայի և դրա հետ կապված արդյունաբերության ճյուղերի արտադրանքը, 14,7%–ը` մանածագործական իրերը, 7,5%–ը` տարբեր արդյունաբերական ապրանքները, 6,8%–ը` մեքենաներ, սարքավորումներ և մեխանիզմները, 4,9%–ը` սարքեր և ապարատները, իսկ 13,5%–ը` մնացած ապրանքները:
Նշենք, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ կրկնակի ավելացել են Հայաստանին հատկացվող հանքահումքային արտադրանքների ծավալները:
Այս տարի դրանք կազմել են 1 միլիոն 25 հազար 600 ԱՄն դոլար՝ նախորդ տարվա 544 հազար 400 դոլարի փոխարեն: Բայց միաժամանակ նվազել են կաշվի հումքի, կաշվի, մորթու և դրանցից պատրաստված իրերի ծավալները: Եթե նախորդ տարի այն կազմել է 307 հազար 300 ԱՄՆ դոլար, ապա այս տարվա հունվար–հոկտեմբեր ամիսներին՝ ընդամենը 51 հազար ԱՄՆ դոլար:
ԱՊՀ երկրներից, այդ թվում Ռուսաստանից և Ուկրաինայից ստացված օգնությունը հունվար–հոկտեմբեր ամիսներին կազմել է 17 հազար 200 ԱՄՆ դոլար: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ այն նվազել է ավելի քան 35 անգամ: Նախորդ տարի հունվար–հոկտեմբեր ամիսներին այս երկրներից Հայաստան ուղարկված հումանիտար օգնությունը կազմել էր 614 հազար 500 ԱՄՆ դոլար:
Սրա փոխարեն ավելացել է ԵՄ երկրներից ստացվող օգնությունը: Եթե նախորդ տարվա նույն ժամանակահատվածում Հայաստանը ստացել է 8 միլիոն 589 հազար 500 ԱՄՆ դոլարի չափով օգնություն, ապա այս տարի այն կազմել է 10 միլիոն 180 հազար 600 ԱՄՆ դոլար: Ամենից շատ մեզ այս տարի օգնել է Իտալիան՝ նրա ուղարկած օգնությունը գնահատվում է 2 միլիոն 262 հազար 400 ամերիկյան դոլար: Այս երկիրը գրեթե կրկնապատկել է նախորդ տարվա հատկացրած օգնության ծավալները՝ նախորդ տարի այն կազմել էր 1 միլիոն 295 հազար դոլար:
Մարդասիրական օգնության ներմուծման ծավալներն այս տարի ավելացրել են նաև Չինաստանն ու Ճապոնիան: Չինաստանից ստացված օգնությունն այս տարի կազմել է 6 միլիոն 191 հազար 400 ԱՄՆ դոլար, իսկ Ճապոնիայինը՝ 1 միլիոն 853 հազար 600 ԱՄՆ դոլար: Սրա հետ մեկտեղ նվազել են այնպիսի խոշոր տերությունների կողմից ստացվող մարդասիրական օգնությունները, ինչպիսիք են Միացյալ Նահանգները, Շվեյցարիան ու Հնդկաստանը:
ՔՐԻՍՏԻՆԱ ՏԵՐ–ՄԱԹԵՎՈՍՅԱՆ