Աղջիկներ, մի´ արեք այդպես. Դիանա Շատվերյանի խորհուրդները՝ ինչ հագնել և Չհագնել Ամանորին
ФОТОTert.am Life-ը գրում է
Ամանորի գիշերվա զգեստի ընտրությունը շատ կարևոր է յուրաքանչյուր աղջկա համար: Այս օրերին արդեն աղջիկների թոփ թեման «ինչ հագնել Ամանորին» հարցն է: Tert.am Life-ը ներկայացնում է դիզայներ Դիանա Շատվերյանի խորհուրդները՝ Ամանորի թրենդների և հակաթրենդների մասին:
Դիանան առանձնացրել են «կարելի»-ներ և «չի կարելի»-ներ ռեստորանի, ակումբի և տան համար:
Ինչ հագնել ռեստորանում
Ձմռանը մարդիկ փորձում են ձգտել մուգ գույների: Դա ճիշտ է, առավել ևս, երբ չես կարողանում կողմնորոշվել բաց գույների մեջ: Սա չի նշանակում, որ բաց գույները նորաձև չեն: Պարզապես պետք է հաշվի առնել որոշ դետալներ. գունային համադրությունը պետք է ճիշտ անել:
Զգեստն ամառային են դարձնում գունային գամման, ձևվածքը, կտորի որակը: Եթե վառ գույնի զգեստ ես հագնում, այն պետք է ձիգ կտորից լինի, եթե բարակ զգեստ ես հագնում, պետք է մուգ գույնի ընտրես: Կարելի է նաև համադրել այս երկուսը: Սա ավելի ճիշտ ու տեղին է, սակայն ավելի բարդ:
Ինչ Չհագնել ռեստորանում
Հակաթրենդ 1 - Շատ մարդիկ հագնում են իրենց ծաղկավոր կամ բաց գույնի ամառային զգեստը՝ կարծելով, թե դա կարող են ներկայացնել որպես տոնական: Խոսքը, օրինակ, շիֆոնից սարաֆանների մասին է, երբ ակնհայտ տեսանելի է, որ դա ամառային երկար զգեստ է: Շիֆոնն էլ իր տարբեր տեսակներն ունի, օրինակ՝ ամռանը շատ ավելի բարակ է: Ձմռանը այն պետք է ճիշտ դիզայնով համադրված լինի, այլապես ամառային տպավորություն կթողնի:
Բարակ զուգագուլպա, բարակ զգեստ և ամառային կոշիկ հագնելը գեղեցիկ չէ: Ակնհայտ է, որ մարդը սառչում է: Այդ դեպքում զգեստի էֆեկտը հակառակ է աշխատում. մարդն ուզո՞ւմ էր տարբերվել, տարբերվում է, սակայն մաշկի գույնը փոխելով և ոչ ադեկվատ տեսքով:)
Հակաթրենդ 2 - Երբ ամառային շիֆոնից կարճ զգեստը հագնում են հաստ և մուգ զուգագուլպայով: Զուգագուլպան չի փրկում իրավիճակը, հասկանալի է, որ դա ամառային զգեստ է: Նման համադրությունն ավելի վատ է:
Հակաթրենդ 3 - Եթե մենք լսել ենք, որ ծանր կտորները գեղեցիկ է համադրել թեթև կտորների հետ, դեռ չի նշանակում, որ ձմեռային հաստ բլուզը պետք է հագնել շատ բարակ կիսաշրջազգեստի հետ ու էդպես գնալ ռեստորան: Եթե բլուզի վրա կան քարիկներ, դեռ չի նշանակում, որ այն նախատեսված է ռեստորանի համար:
Հակաթրենդ 4 - Հաճախ մտածում են, որ casual «սվիթշոթերը» նորաձև են, հագնում են դրանք կիսաշրջազգեստի հետ և գնում ռեստորանային համալիր՝ առանց հաշվի առնելու իրենց տարիքը: Եթե դու 12-14 տարեկան չես, որպեսզի առաջին հերթին հարմարավետությունը հաշվի առնես, սխալ է նման բան անելը: 20 տարեկանից հետո դա անհետաքրքիր է:
Հակաթրենդ 5 – Անընդունելի է ռեստորանային համալիր գնալ երկարաճիթ կոշիկներով: Նորաձևության ոչ մի կանոնի չի ենթարկվում, երբ հագնում են շատ բարձր պլատֆորմով կամ կրունկներով երկարաճիթ կոշիկներ, մարմնագույն զուգագուլպա, կիասաամառային զգեստ: Ռեստորանում ավելի ճիշտ է հագնել կոշիկ, բայց ոչ մի դեպքում չի կարելի մարմնագույն զուգագուլպայով հագնել բաց քթով կոշիկ: Երբեք չանեք նման բան:
Ինչ հագնել ակումբում
Եթե ակումբում ես, թույլատրելիի սահմաններն ավելի մեծ են՝ սկսած շորտերից և տաբատներից մինչև կիսաշրջազգեստներ և զգեստներ: Ակումբում կարող եք ավելի կոկտեյլային զգեստներ հագնել: Կարող են լինել կարճ, փայլուն, երևացող, գունեղ զգեստներ: Կարելի է հագնել նաև կորսետային՝ առանց թևքի զգեստ: Կորսետը դեռ չի նշանակում, որ զգեստն ամառային է: Կտորի որակը և համադրությունը պետք է ճիշտ լինի: Զգեստը անպայման պետք է համապատասխանի զուգագուլպային և կոշիկին:
Ինչ Չհագնել ակումբում
Հակաթրենդ - Ակումբում էլ գեղեցիկ չեն նայվում երեկոյան՝ մինչև հատակ հասնող զգեստները: Դրանք տեղին չեն:
Ինչ հագնել տանը
Տանը կարելի է հագնել շորիկներ, համադրել հետաքրքիր բրոշների հետ: Կարելի է ընտրել ամանորյա թեմատիկայով բրոշներ: Կան մարդիկ, ովքեր սիրում են բրոշներ, կան մարդիկ, ովքեր սիրում են գեղեցիկ գործվածքով զգեստներ: Այդպիսի զգեստները կարելի է համադրել գիպյուռի հետ: Եթե տոները տանն եք դիմավորելու, կարելի է հագնել ցածր կոշիկներ՝ ավելի մոտ առօրյա տեսքին: Գեղեցիկ տեսք ունենալու համար անպայման չէ բարձրակրունկներով լինել: