«Միասնություն» համազգային շարժման երիտասարդներն այցելել են Վանաձորի մանկատուն (լուսանկարներ)
ФОТОԿյանքի տարբեր իրավիճակներից ու հանգամանքներից ելնելով մանկատներում հայտնված երեխաները, գաղտնիք չէ, որ մեծ ուշադրության և հոգատարության կարիք են զգում: Այդ նպատակով, օրեր առաջ՝ «Միասնություն» համազգային շարժման շրջանակներում գործող «Երիտասարդական համաձայնություն» ՀԿ անդամները բարեգործական այց կատարեցին Լոռու մարզի Վանաձոր քաղաքում գործող մանկատուն, որտեղ հանդիպումներ ունեցան նախ մանկատան տնօրեն Մարինե Դավթյանի, ապա՝ սաների հետ:
Մանկատան տնօրենը շարժման երիտասարդներին ծանոթացրեց կենտրոնի սոցիալական պայմաններին, երեխաների առօրյային: Զրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց հասարակության շրջանում մանկատների և մանկատան երեխաների վերաբերյալ առկա կարծրատիպերին: «Երեխաների մասին թյուր կարծիք և վերաբերմունք կա: Հասարակությունը նրանց նկատմամբ խղճահարությամբ է լցված: Անգամ ֆիլմերը, տեսահոլովակները, երգերը՝ միայն խղճահարություն են առաջացնում: Բայց դա սխալ է. շատ քիչ դեպքերում է, որ ֆիլմերում ներկայացվածը համապատասխանում է իրականությանը»,- փաստեց մանկատան տնօրենը:
Տնօրինության կողմից կազմակերպվեց հանդիպում՝ անձամբ երեխաների հետ: «Միասնություն» համազգային շարժման անդամները ծոնոթացան երեխաների հետ, զրուցեցին նրանց առօրյայի, նախասիրությունների, երազանքների, նպատակների մասին: Նրանցից որոշներն արդեն սկսել են երազանքների ու նպատակների իրականացման ուղղությամբ քայլեր կատարել: Երիտասարդների՝ «Ձմեռ պապիկին նամակ գրե՞լ եք» հարցին երեխաները բավական տխուր պատասխան տվեցին. «Մենք Ձմեռ պապիկին նամակ չենք գրում, որովհետև, միևնույն է՝ ոչ մի պատասխան չկա, ոչ մի բան չի բերում»:
Երիտասարդները ցավով փաստում են՝ մանկատան երեխաների մոտ առկա են որոշակի խնդիրներ. թերարժեքության բարդույթ, հիասթափություն, պաշտպանվածության և դաստիարակության պակաս: Այդ խնդիրների միակ մեղավորները, իհարկե, դաստիարակները չեն, սակայն հարկավոր է երեխաներին ավելի մեծ ուշադրություն դարձնել, ավելի համակարգված աշխատանքներ տանել նրանց հետ: «Միասնության» երիտասարդները խոստացան անել հնարավոր ամեն բան՝ խնդրի լուծումները գտնելու համար և օգնել երեխաներին՝ իրենց զգալ հասարակության լիարժեք անդամ: Շարժման անդամները վերջում հավելեցին, որ նման այցելությունները շարունակական բնույթ կկրեն: