«Իջինը շատ աշխատասեր է, բայց ինձ համար ուժեղ մասնակից չէ թե՛ վոկալային առումով, թե՛ խարիզմատիկությամբ». Լուսի
ФОТОBlognews.am-ը գրում է.
Հայաստանի հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում դեկտեմբերի 10-ին կայացած «Դեպի Եվրատեսիլ» նախագծի 1-ին կիսաեզրափակչի արդյունքում մրցույթից դուրս մնացին Լյուսին ու Վահեն: BlogNews.am-ը այսօր զրուցել է Լյուսիի հետ ու նրան հղել մի քանի հարցեր, որոնց տրված Լյուսիի անկեղծ պատասխանները ներկայացնում ենք Ձեր ուշադրությանը:
- Լյուսի, երաժիշտների մեջ մի արտահայտություն կա՝ մրցութային երգիչ-երգչուհի: Ո՞րն է դա:
- Մրցութային երգիչ կամ երգչուհի ասելով՝ ի նկատի են ունենում այն արտիստին, ով կոմերցիայի համար չի երգում, և նրա գործունեության շեշտադրումը շատ ավելի ձայնային տեխնիկայի, բեմական կեցվածքի և վոկալի վրա է:
- Ինքներդ էլ շատ անգամներ միջազգային տարբեր մրցույթներում ներկայացրել եք Հայաստանը ու մրցանակային տեղեր եք գրավել: Ի՞նչ եքկարծում՝ այս անգամ ինչո՞ւ հայ հեռուստադիտողը «չվստահեց» Ձեզ:
- Գուցե մարդիկ ինձ վաղուց գիտեն, և նոր դեմք են ցանկանում տեսնել մրցույթում, չգիտեմ՝ անկեղծ ասած... Գուցե ինքս լավ չեմ ներկայացել...
- Սոցցանցերում կարծիքներ հնչեցին, որ մրցույթի կազմակերպիչները անարդար մրցակցություն էին ապահովել մասնակիցների համար, քանի որ երգերը ընտրում էին ոչ թե մասնակիցները, այլ «Դեպի Եվրատեսիլի» ստեղծագործական խումբը: Այդպե՞ս էր:
- Այլ մասնակիցների պարագայում՝ չգիտեմ, բայց իմ երգերն իքնս եմ ընտրել Aram mp3-ի հետ միասին: Համենայն դեպս իմ պարագայում նման բան չի եղել:
- Շատերի կարծիքով՝ այս մրցույթը ձևական բնույթ ունի, մարդիկ կարծում են, որ իրականում մեր պատվիրակը վաղուց արդեն ընտրված է, իսկ այս ամենը ընդամենը ցուցադրական շոու է։ Դուք եղել եք «ներսում», ի՞նչ կասեք այս մասին:
- Եթե անգամ նման բան կա էլ, նույնիսկ «ներսի» մարդը չի կարող դա իմանալ: Ինքս չեմ կարող հստակ ասել՝ կա նման բան, թե ոչ:
- Դուք արդեն ասել եք, որ մրցույթի հաղթող եք տեսնում Մարթային: Իսկ ի՞նչ կասեք Իջինի մասին:
- Իջինը շատ աշխատասեր է, բայց ինձ համար ուժեղ մասնակից չէ թե՛ վոկալային առումով, թե՛ խարիզմատիկությամբ: Իսկ այդ առումով ինձ համար ամենաուժեղ մասնակիցը Մարթան է: Եթե Մարթան դուրս մնա մրցույթից, ապա իմ ֆավորիտը կլինի Արծվիկը:
- Դուք կայացած երգչուհի եք, ունեք երկրպագուների մեծ բանակ, շրջագայում եք մենահամերգներով, անընդհատ ստեղծագործական պրոցեսի մեջ եք: Չե՞ք ափսոսում այն ժամանակը, որը Ձեզնից խլեց այս նախագիծը:
- Իհարկե չեմ ափսոսում: Պարզապես պետք է կարողանալ միշտ առաջ նայել ու անընդհատ ստեղծագործել: Իսկ «Դեպի Եվրատեսիլին» իմ մասնակցությունը, այսպես ասած, էքստրիմ էր ինձ համար)):
- Եվրատեսիլին մասնակցած մեր երգիչ-երգչուհիների համար այդ մրցույթը առանձնապես ոչ մի կարևոր դեր այդպես էլ չխաղաց նրանց կարիերայում: Այնուամենայնիվ, ի՞նչն է այդքան գրավում այդ մրցույթի մեջ:
- Կոնկրետ ինձ Եվրատեսիլի մեջ գրավում է միայն մի բան՝ նկատվել միջազգային պրոդյուսերական կենտրոնների կողմից, պարզել՝ արդյոք որպես արտիստ, կատարող կհետաքրքրես նրանցից որևէ մեկին, պարզել՝ ի՞նչ տվյալներով ու ի՞նչ տեսակի պետք է լինես՝ միջազգային չափանիշներին համապատասխանելու համար, իսկ հետո արդեն աշխատես հասնել այդ չափորոշիչներին:
- Եվ վերջում՝ հարցազրույցներից մեկում ասել եք, որ Եվրատեսիլի համար նաև հաջորդ տարի կպայքարեք: Այդքան սկզբունքայի՞ն եք:
- Պայքարել չեմ ասել, բայց... Կապրենք, կտեսնենք)) Միգուցե…
Հարցազրույցը՝ Արմինե Հայրապետյանի
լուսանկարները՝ երգչուհու անձնական արխիվից