Նկար, որ ցնցեց աշխարհը
ФОТОՆախորդ շաբաթ համացանցում հայտնվեց սիրիացի մի աղջնակի լուսանկար, որ հուզեց բոլորին: Փոքրիկը, լուսանկարչական ապարատը զենքի տեղ դնելով՝ ձեռքերը վեր էր պարզել՝ ցույց տալու համար, որ հանձնվում է: Լուսանկարը համացանցի օգտատերերի ուշադրությունը գրավեց ֆոտոլրագրող Նադյա Աբու Շաբանի թվիթերյան էջում հայտնվելուց անմիջապես հետո: Լուսանկարը տարածեցին ավելի քան 20.000 անգամ: Շատերը ենթադրեցին, թե լուսանկարը «բեմադրված» է: BBC-ի լրագրողները կարողացան գտնել հայտնի լուսանկարի հեղինակին՝ լուսանկարիչ Օսման Սաղիրլիին, ով պատմեց լուսանկարի ստեղծման պատմությունը:
Սաղիրլիի խոսքով՝ լուսանկարում պատկերված է 4-ամյա աղջնակ, ում անունն է Հյուդինա: Լուսանկարն արվել է նախորդ տարեվերջին՝ դեկտեմբերին, Սիրիայի փախստականների ճամբարում, որ գտնվում է լուսանկարի հերոսուհու հայրենի քաղաքից 150 կմ հեռավորության վրա: Աղջնակը ճամբար է եկել մոր, եղբոր և քրոջ հետ: Լուսանկարիչը պատմել է, որ տեսախցիկի օբյեկտիվը տեսնելով՝ փոքրիկը կարծել է՝ զենք է:
«Ես հասկացա, որ նա մահու չափ վախեցած է: Արդեն լուսանկարելուց հետո նայելով փոքրիկին՝ տեսա շուրթերն է կծոտում և թաթիկները վերև է պարզել: Իբրև կանոն՝ տեսախցիկները տեսնելիս փոքրիկները փախչում են, դեմքը ծածկում կամ ժպտում:» Լուսանկարչի խոսքով՝ երեխաների լուսանկարները փախստականների ճամբարում տիրող իրավիճակի ամենաիրական պատկերն են տալիս, քանի որ նրանց զգացումներն ավելի անկեղծ են: Լուսանկարն առաջին անգամ հրապարակվել է Türkiye թերթում, սակայն համացանցի անգլալեզու օգտատերերին է հասել միայն ամիսներ անց: