Սոնա Ռուբենյանը՝ անցնող տարվա արածների և գալիք տարվա անելիքների մասին
ФОТОBlognews.am-ը գրում է.
Երեկ երգչուհի Սոնա Ռուբենյանը նշեց իր ծննդյան տարեդարձը: Երգչուհուն շնորհավորելու, ինչպես նաև անցնող տարին ամփոփելու համար BlogNews.am-ը զրուցել է նրա հետ ու նաև պարզել, թե ինչ երազանք է պահել Սոնան՝ տարեդարձի տորթը փչելու պահին:
«Ստեղծագործական առումով տարին հաջողված էր, որովհետև ինձ համար շատ թանկ աշխատանքներ ծնվեցին, եղավ առաջին մենահամերգս, որին շատ էի սպասում և որն անչափ պատասխանատու գործ էր ինձ համար: Սակայն այս ամենի մեջ ինձ համար առանձնահատուկ արժեք ունի «Մայրիկ» երգիս տեսահոլովակը: Տեսահոլովակը նկարահանեցի ապրիլից հետո և նվիրեցի բոլոր մեր հերոս նահատակների ու այն տղաների մայրերին, ովքեր այս պահին էլ հսկում են մեր սահմանները:
Ապրումներն ու զգացմունքները, որ ունեցել եմ այդ տեսահոլովակի նկարահանման ժամանակ, երբեք չեմ մոռանա: Շատ հուզված ու զգացված էի, երբ մեր հերոսների մայրերը ընդունեցին տեսահոլովակում նկարահանվելու առաջարկս: Աշխատանք ասել չեմ կարող, քանի որ սա պարզապես հոգուս ծարավը հագեցնելու համար ինչ-որ մի քայլ էր»:
Գալիք տարվա հետ երգչուհին ևս ունի բազում ստեղծագործական պլաններ, սակայն առաջնահերթ պատրաստվում է նկարահանել «Արցախ» երգի տեսահոլովակը: «Համերգներ, տարբեր ծրագրեր. կարծում եմ՝ 2017թ-ը ստեղծագործական առումով ավելի առատ է լինելու»:
Այն հարցին, թե արդյոք տարեդարձի մոմերը փչելիս երգչուհին երազանք պահել է, Սոնան պատասխանեց. «Իհարկե պահել եմ, ես միշտ չորս երազանք եմ պահում՝ հաջողություն, առողջություն, երջանկություն և խաղաղություն: Կարծում եմ՝ եթե այս չորս կոմպոնենտները լինեն, ոչ մի մարդ դժբախտ չի լինի»: