ՖԻՖԱ-ն հետաքննություն է սկսել ՌԴ փոխվարչապետ Վիտալի Մուտկոյի նկատմամբ
СПОРТՖուտբոլի միջազգային ասոցիացիաների ֆեդերացիայի (ՖԻՖԱ) էթիկայի հանձնաժողովը ռուս մարզիկների դոպինգային սկանդալի շուրջ պետական աջակցության ֆոնին հետաքննություն է սկսել ՌԴ փոխվարչապետ Վիտալի Մուտկոյի նկատմամբ:
Ինչպես հայտնում է DW.com-ը, Միջազգային հակադոպինգային գործակալության (WADA) անկախ հանձնաժողովի զեկույցում բազմիցս հիշատակվում է Մուտկոյի անունը` որպես մի մարդու, ով ենթադրաբար անմիջականորեն ներգրավված է ռուսական սպորտում դոպինգի կիրառմանն աջակցելու պետական ծրագրում, մասնավորապես` ռուսական ֆուտբոլում դոպինգի կիրառման դեպքերը թաքցնելու մեջ: Մուտկոն հանդիսանում է նաև Ռուսաստանի ֆուտբոլային միության նախագահը և ՖԻՖԱ-ի գործադիր հանձնաժողովի անդամը:
Եթե ՖԻՖԱ-ի հանձնաժողովը Մուտկոյի մեղավորությունը հաստատող ապացույցներ գտնի, նրան կհեռացնեն ՖԻՖԱ-ից և ֆուտբոլային գործունեությունից:
Ինչպես ընդգծում է Daily Mail պարբերականը, դա ծայրահեղ տհաճ կլինի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի համար, ում վստահված անձն է Մուտկոն, ինչն էլ իր հերթին բանվեճերի առիթ կտա Ֆուտբոլի աշխարհի առաջնությունը Ռուսաստանում անցկացնելու նպատակահարմարության հարցի շուրջ: