Հազվադեպ հանդիպող հայկական 15 յուրօրինակ ուտեստներ
ФОТОՏարբեր երկրների խոհանոցների մի շարք ուտեստներ այսօր այնքան հանրաճանաչ են դարձել աշխարհում, որ նույնիսկ հանդիսանում են տվյալ երկրի այցեքարտը: Իսկ ավանդական հայկական այդքան բազմազան ու յուրահատուկ խոհանոցից ոչ միայն աշխարհին, այլև հենց մեզ՝ հայերիս, քիչ թվով ճաշատեսակներ են հայտնի: Մինչդեռ մեր խոհանոցը հարուստ է հետաքրքիր ու սննդարար բազմաթիվ կերակրատեսակներով, որոնք պետք է վերարժևորել, որոշները գուցե և՝ վերհիշել: Menu.am-ը ներկայացրել է ազգային խոհանոցի 15 հայկական յուրօրինակ ուտեստներ, որոնք հազվադեպ կարելի է հանդիպել Երևանի ռեստորաններում:
Ղազղանի խորովածը Սյունիքի ինքնատիպ ավանդական ուտեստներից է, որը պատրաստվում է տավարի փափուկ մսով, սալորաչրով և խնձորով:
2. Կեր ու սուս
Համեղ կերակրատեսակ, որը պատրաստվում է տապակած տավարի կամ գառան մսով և բանջարեղենով: Կեր ու սուսը կարելի է մատուցել ամենօրյա սեղաններին:
3. Վանա քաշովի
Վանա քաշովին ձմեռային կերակուր է, որի հիմնական բաղադրիչներն են բլղուրը, տհալը, լոլիկը և սոխը: Վանա քաշովին Արևմտյան Հայաստանից մեզ հասած ամենահամեղ ու յուրօրինակ ուտեստներից է:
4. Կոլոնդրակ
Արցախի բարբառով «Կոլոնդրակ» նշանակում է ձնագնդի: Կոլոնդրակը շատ համեղ աղանդեր է, լայն տարածում ունի Արցախում և Սյունիքում: Կոլոնդրակ անունը ստացել է փոխնձից պատրաստված գնդիկների համար: Պատրաստվում է դոշաբով և մեղրով շաղախված փոխնձից, լցոնվում` ծիրանաչրի և սալորաչրի մեջ:
Տավուշի մարզում լայն տարածում ունեցող ճաշատեսակ է: Տավուշի Բորանու hիմնական բաղադրիչներն են շոգեխաշած տավարի միսը՝ համեմված սև սալորաչրով, շագանակով և սոխառածով:
6. Խաշիլ
Հայաստանի մի շարք մարզերում տարածում ունեցող ուտեստ է: Խաշիլը էթնիկ հայկական նախաճաշ է համարվում: Հիմնական բաղադրիչներն են՝ փոխինձը, կաթը կամ չորաթանը, յուղը կամ կարագը, սոխառածը: Որոշ շրջաններում տարածված է նաև «Եփութուխ» անունով:
7. Խոխոբ
Հավի կամ ոչխարի կտրտած մսով, յուղով, սոխով ու նռան հատիկներով պատրաստվող կերակրատեսակ է: Խոխոբը տարածված է Արցախում, իսկ այժմ նաև՝ Սյունիքի բնակիչների շրջանում:
8. Տավարի Քյալա
Շիրակի մարզում լայն տարածում ունեցող ուտեստ է, որը համարվում է արհեստագործների ուտեստ: Քյալան պատրաստվում է հատուկ արարողակարգով և մատուցվում է բազմամարդ հավաքույթների ժամանակ:
9. Գառնի Յարախ
Այս տաք ուտեստի անվանումն առաջացել է Գառնու երախ արտահայտությունից, նշանակում է Գառնու ձոր։ Տարածում ունի Գառնու բնակիչների շրջանում: Գառնու Յարախը ստացել է իր անունը պատրաստման ձևի համար. սմբուկը տապակելուց հետո վերևից ճեղք է արվում և խորություն ստացվում «ձորի», «երախի» նման, որի մեջ լցոնում են տավարի միս՝ տապակած սոխով լոլիկի մածուկի մեջ:
10. Վանանուշ
Վանա անուշ կերակուր, այստեղից էլ առաջացել է անունը՝ Վանանուշ: Պատրաստվում է գառան մսով, սև սալորաչրով, տապակած սոխով և համեմվում նռան օշարակով: Մատուցվում է տաք վիճակում:
11. Ուրմիա
Արևելյան Հայաստանում տարածված ուտեստ, որը պատրաստվում է գառան մսով և բանջարեղենով՝ սմբուկով, պղպեղով, լոլիկով, սոխով և սխտորով: Ուրմիան մատուցելիս ձևավորում են կանաչիով:
12. Բազրկանի
Մուսալեռում Բազրկանին եղել է հովվի ճաշի անվանումը: Կան տարբեր տեսակի բազրկանիներ: Մախաղի մեջ եղել է սուրքի (Մուսալեռան հորած պանիր) կամ ձիթապտուղ. սարերում լիքն են ձիթենիներն ու ընկուզենիները, հետևաբար մի քիչ ձիթապտուղ, մեկ գլուխ սոխ, լոլիկի մածուկ, ընկույզ և ձիթայուղ. ահա և հովվի համեղ կերակուրը։
13. Խանգյալ
Տարածված է Հայաստանի գրեթե բոլոր շրջաններում՝ առավելապես Շիրակի, Ջավախքի և Լոռվա բնակիչների շրջանում։ Շիրակի մարզում խանգյալի փոխարեն կիրառում են նաև «Թաթար Բորակի» անունը: Խմորից պատրաստված խորանարդիկների վրա ավելացնում են չորաթանի մածուկ և սոխառած:
14. Այլազան
Արարատյան խոհանոցի գոհարներից մեկը Այլազանն է: Այն հին հայկական ուտեստ է, որի հիմնական բաղադրիչները սննդարար բանջարեղեններն են՝ գազար, ծաղկակաղամբ, սունկ, պղպեղ՝ համեմված մարվանդակով և հատուկ թանձրուկով:
15. Քյելեկյոշ
Գարնանամուտի տոնածիսական ճաշատեսակ է՝ Վան-Վասպուրական նահանգի խոհանոցից։ Քյելեկյոշը պատրաստվում է մեծ կաթսայով և մատուցվում խաշի նման բազմամարդ սեղանում. ափսեի մեջ լցնում են չոր լավաշ, վրան՝ մեծ քանակով խաշած ոսպ, ապա՝ տաք չորաթանը, իսկ ամենավերջում՝ սոխառածը լեռնային կանաչիների (դաղձ, ուրց, անանուխ) հետ: Հարուստները սոխառածը պատրաստում էին ղավուրմայով: