Life.panorama.am-ը գրում է.
Life.panorama.am-ը զրուցել է «Քարե դարդ» սիթքոմի պրոդյուսեր և գլխավոր դերակատար Վաչե Թովմասյանի հետ` սիթքոմի 3-րդ եթերաշրջանի ավարտի, կերպարների զարգացումների, սիթքոմի հետագա շարունակության և դրա հիման վրա բեմադրած ներկայացման մասին:
«Որպես այդպիսին` այս անգամ մենք տոնական թողարկում չենք անելու, քանի որ այն այս տարի համընկել է մեր սիթքոմի ավարտի և հերոսների փոխհարաբերությունների վերջաբանի հետ: Այդ պատճառով մենք նախապատվությունը տվել ենք սյուժետային մոտեցմանը, որի մանրամասները, սակայն, չեմ կարող ասել»,- պատմեց Վաչե Թովմասյանը:
Հարցին, թե արդյոք Ամանորից հետո «Քարե դարդ»-ը կունենա իր շարունակությունը, Վաչեն պատասխանեց.
«Միանշանակ, նոր եթերաշրջան լինելու է և այն եթերում կհայտնվի արդեն 2017թ. մարտ ամսին: Ավելացնեմ, որ կապված նոր եթերաշրջանի հետ շատ նոր մտքեր ունենք, ցանկանում ենք ավելի հետաքրքիր ինչ-որ բան անենք, իսկ թե կոնկրետ ինչ, կրկին փակագծերը չեմ բացի»,- պատմեց սիթքոմի պրոդյուսերը:
Դերասանը տեղեկացրեց նաև, որ այս պահին իրենք զբաղված են նաև «Քարե դարդ» ներկայացման բեմադրության վրա, որը շուտով արդեն պատրաստ կլինի, ինչպես նաև փորձում են իրականացնել «Քարե դարդ»-ի բրենդային խաղալիքների վաճառքը.
«Ընդամենը մի քանի օրից մեր երկրպագուները կարող են ձեռք բերել մեր բրենդային խաղալիքները: Կարծում եմ` այս գաղափարը կուրախացնի նրանց»,- պատմեց Վաչեն` մանրամասնելով, որ սկզբնական շրջանում վաճառքում կլինի փափուկ բարձի տեսքով Մոսոն, իսկ հետո արդեն եվրոպական չափանիշներին համապատասխան խաղալիք` կրկին Մոսոյի տեսքով, որի ձեռքերը կշարժվեն և որը կարտաբերի Մոսոյի կողմից հնչող հայտնի արտահայտությունները: Վաչեի խոսքով` ապագայում խաղալիքներ կարտադրվեն նաեւ մյուս հերոսների տեսքով:
Զրույցի վերջում Վաչե Թովմասյանը պատմեց նաև, որ 2017-ի մայիսի 21-ին, «Քարե դարդ»-ի անձնակազմը մեկնելու է ԱՄՆ` համերգների.
«ԱՄՆ-ում կներկայացնենք սիթքոմի` ներկայացմանն ավելի մոտ տարբերակը: Վստահ կարող եմ ասել, որ այն առավելապես կտարբերվի ձևաչափի առումով: Այսինքն` կլինեն ոչ միայն հումորային համարներ, այլ ներկայացումը կուղեկցվի նաև սյուժետային գծով»,- Life.panorama.am-ի հետ զրույցում իր խոսքը եզրափակեց Վաչե Թովմասյանը: