Life.panorama.am-ը գրում է.
Life.panorama.am-ը մոդել, դերասանուհի Շուշան Երիցյանի հետ ամփոփել է անցնող տարին ու խոսել 2017-ի ծրագրերի մասին:
«Նախ պետք է ուրախությամբ ասեմ, որ տարին ինձ համար շատ հաջող էր թե գործնական, թե անձնական իմաստով: Ինքս կապիկի տարում եմ ծնվել ու իմ տարին ինձ իսկապես հաջողություն բերեց, թեեւ գոհանում եմ կյանքիս բոլոր տարիներից: Հիմա հետ եմ նայում ու հասկանում, որ անցյալ տարի Նոր տարվա գիշերը մտքումս պահված բոլոր երազանքները կատարվեցին, ուրեմն հաջողակ մարդ եմ»,- ժպիտով նշեց մոդել, դերասանուհին ու շարունակեց.
«Եթե առանձնացնելու լինեմ տարվա գլխավոր ձեռքբերումներս, ապա կնշեմ, որ ձեռք բերեցի ընկերուհի, ով համոզված եմ ողջ կյանքիս համար է: Չեմ հայտնի նրա անունը, պարզապես կնշեմ, որ ինքս երբեք չէի պատկերացնի, որ մենք լավ ընկերուհիներ կդառնանք, նա իմ համար տարվա բացահայտումներից մեկն էր: Ինչ վերաբերվում է գործնական կողմին, ձեռքբերում եմ համարում Գ. Սունդուկյանի թատրոնին կից ստուդիայում ուսում ստանալը, որը ոչ միայն գիտելիքներ ինձ տվեց, այլեւ այդ միջոցով մարդիկ այլեւս չեն կարողանա քննադատել դերասանական արվեստում իմ գիտելիքների պակասը»:
Շուշան Երիցյանը անցնող տարվա ընթացքում անձնական կյանքում նաեւ բաժանում ունեցավ: Այս մասին խոսելիս` մոդելը նշեց.
«Անձնականիս մասին չեմ սիրում խոսել, միայն կասեմ, որ հիմա ես շատ ավելի երջանիկ եմ, քան իմ կյանքում երբեւէ եղել եմ»:
Շուշանը երբեք սայթաքումներից չի ընկճվում, իր խոսքով` նույնիսկ ընդհակառակը.
«Երբեք չեմ հիասթափվում, երբ ինչ-որ բան չի ստացվում: Կյանքիս գաղափարախոսություններից մեկն է` եթե ես մի բան ուզում եմ ու պատկերացնում, դա պետք էի իմը լինի ամեն գնով: Չեմ հավատում, որ մի բան ես ցանկանամ ու դրան չհասնեմ, ինձ համար անհնարին բան աշխարհում չկա»,- ընդգծեց նա:
Անդրադառնալով ամանորյա երազանքին ու գալիք տարվա անելիքներին` Շուշան Երիցյանը ընդգծեց.
«2016-ին փորձել եմ բոլոր անհրաժեշտ նախադրյալները ստեղծել, որպեսզի 2017-ին իրականանան նոր նպատակներս: Ինչ վերաբերվում է երազանքիս, ուզում եմ, որ ընտանիքս, հարազատներս ու առհասարակ բոլորը առողջ լինեն, ուզում եմ, որ խաղաղություն լինի ու աշխարհում պատերազմ չլինի: Եթե այս նախադրյալները լինեն ու մարդկությունն էլ ավելի բարի դառնա, ուրեմն հնարավոր կլինի ամեն բանի հասնել»: