«ՀԺ»․Վարկային տենդ․Ֆինանսների նախարարը բացառում է, որ Հայաստանը կարող է ընկնել դեֆոլտի մեջ, բայց...
ЭКОНОМИКА«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Ֆինանսների նախարար Վարդան Արամյանը համաձայն չէ այն կանխատեսման հետ, որ 2020 թվականին, երբ ՀՀ պետական պարտքի սպասարկման գումարը հասնի մոտ 1 միլիարդ դոլարի, մեր երկիրը չի կարողանա այն վճարել ու կընկնի դեֆոլտի մեջ:
«Բացառվում է»,- մեզ հետ զրույցում ասաց նա: Բայց չէ՞ որ տնտեսությունը չի զարգանում, ներդրումները գրեթե բացակայում են, եւ նման պայմաններում որտեղի՞ց այդքան գումար միայն պարտքի սպասարկման համար: Արամյանն ասաց, որ նախատեսում են հաջորդ տարվա հունիս-հուլիսին միջազգային կապիտալի շուկայի մասնակիցների հետ շփումներ ունենալ՝ մեղմելու պարտքի ներգրավման պայմանները:
«Պետք է մշտապես աշխատանք տանենք, որ նրանք վստահեն մեր թղթերին: Եվ այդ վստահության արդյունքում ունենանք տոկոսադրույքների նվազեցում ու այդ հարմար պահին նորից թողարկում անենք»,- պատասխանեց նախարարը: Այսինքն, նորից պարտատոմսեր կթողարկե՞ք: «Իհարկե»,- չհրաժարվեց Արամյանը:
Ի դեպ, ԱԺ երեկվա արտահերթ նիստում պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանն ընկել է վարկային տենդի մեջ եւ իրավիճակը կարծես վերահսկողությունից դուրս է գալիս: Փաշինյանը նշեց, որ պետական պարտքի սպասարկման համար բյուջեից 2016թ. 62 տոկոսով ավելի է ծախսվել, քան նախորդ տարի»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում