Տեղի ունեցավ բանաստեղծուհի, նկարչուհի, դիզայներ Սվետլանա Հակոբյանի՝ «Մեծ արթնություն» խորագրով միջոցառումը (լուսանկարներ)
ФОТОԴեկտեմբերի 22-ին «Դար» հիմնադրամի նախագահ, բանաստեղծուհի, նկարչուհի Սվետլանա Հակոբյանի շուրջ էին հավաքվել հարազատները, արվեստագետներ, քաղաքական գործիչներ և պարզապես ընկերներ, ովքեր եկել էին ներկա գտնվելու սիրելի Սվետլանայի կազմակերպած «Մեծ արթնություն» խորագրով միջոցառմանը:
Կայացավ Սվետլանա Հակոբյանի հեղինակած «Ուրվագիծ և ճանապարհ» երկհատորյակի շնորհանդեսը, 7 նկարի ցուցադրությունը, ինչպես նաև Taraz.am ընկերության՝ աշուն-ձմեռ նոր հավաքածուի ցուցադրությունը:
Սվետլանա Հակոբյանն իր երկհատորյակի նախաբանն այսպես է սկսել «Ինչու գրիչն առա ձեռքս»:
ԼՈւՐԵՐ.com-ի թղթակիցը տիկին Հակոբյանից հարցրեց՝ «ինչո՞ւ».
-Բաներ կան, որ բանավոր փոխանցել չես կարող և այդ մտայնությամբ որոշեցի գրել և ասելիքս ու մտահոգություններս փոխանցել մարդկանց: Պարբերաբար ինձ հուզող հարցերը գրում էի ու հրապարակում տարբեր հարթակներում, արձագանքը մեծ էր լինում, շատերն ինձ ասացին, որ դրանք գիրք պետք է դառնան և սերունդներին կրթեն, ինքս էլ որոշեցի հավաքել և գրքով ներկայացնել: Երկահատորյակում այսօրվա հուզող հարցերն են՝ առանց թեմաների սահմանափակման:
Անդրադառնալով միջոցառման երկրորդ հատվածին՝ կտավների ցուցադրությանը, տիկին Հակոբյանն առանձնացրեց հատկապես Եղեռնի թեմատիկայով արված «Սրբադասում» կտավը. «Երբ եղեռնի զոհերը սրբադասվեցին՝ շունչս բացվեց, ես հասկացա՝ պետք է մի կտավ ներկայացնեմ, ուր կպատկերեմ հոգիների թռիչքը»,- ասաց Հակոբյանը:
Երրորդ հատվածը նորաձևության ցուցադրությունն էր. «Մեծ արթնություն» խորագրով ներկայացված էր taraz.am-ի նոր հավաքածուն՝ հագեցած նուրբ գունային երանգներով:
«Մեր խորհրդանշանները, որոնք մեզ տրված են ի վերուստ, շատ հանգիստ զիջում ենք օտարներին, նրանք էլ վերցնում-դարձնում են իրենց բրենդը: Դրանում մենք ենք մեղավոր, որովհետև չենք պահում մեր ունեցածը: Ինչ մեզ տրված է, մենք պետք է պահպանենք, մտցնենք մեր կյանք, առօրյա»:
ԼՈւՐԵՐ.com-ի թղթակիցը զրուցեց նաև taraz.am-ի մենեջեր Արմինե Հայրապետյանի հետ, ով խոսելով նոր հավաքածուից, ասաց. «Հայ ազգը դարեր ի վեր արտահայտել է իր աշխարհընկալումն ու իր հարաբերությունը տարվա եղանակներին և բնության անակնկալներին՝ զարդանախշերի միջոցով: Մենք ուրախությամբ վերծանում ենք զարդանախշերի ողջ ներդաշնակությունն ու իմաստությունը՝ ժամանակակից նորաձևության աշխարհում»:
Մեր զրուցակիցը նկատում է՝ հայկական տարազների մասին բոլորս գիտենք, բայց մենք պատմությունից վերցրել ենք տարազների զարդանախշերը և ձեռագործ կերպով ներկայացնում ենք հագուստների վրա: Ներառում ենք հայկական միջնադարյան զարդարվեստը, գորգարվեստը, զարդատառերը:
Նելլի Ավետիսյան