Սա սիրուն հեքիաթ էր, որին հավատացինք մենք էլ, հեռուստադիտողն էլ. Աշոտ Տեր-Մաթեւոսյան
ФОТО«Շանթ» հեռուստաընկերության «Թաքնված սեր» հեռուստասերիալը հաշված օրեր հետո իր հանգուցալուծումը կունենա: Life.panorama.am-ը սերիալում իր կատարած աշխատանքի ու առաջիկա ծրագրերի մասին է խոսել հեռուստասերիալի գլխավոր հերոսներից մեկի` Աշոտ Տեր-Մաթեւոսյանի հետ:
«Այն, որ սա հաջողված նախագիծ էր, ես չէ, որ պիտի ասեմ, քանի որ դրա մասին փաստեցին մեր հեռուստադիտողները: Հավաքված էր հրաշալի դերասանական կազմ, սցենարն էլ ինքնին բավական հետաքրքիր էր, թեեւ մեր հայ իրականության համար մի փոքր անհավանական լուծումներ ուներ, բայց ամեն դեպքում սա սիրուն հեքիաթ էր, որին հավատացինք մենք էլ, հեռուստադիտողն էլ»,- նշեց Աշոտն ու անդրադարձավ դերասանական ու ստեղծագործական կազմին.
«Հատուկ պետք է շեշտեմ, որ մեր ստեղծագործական ու դերասանական կազմը համալրված էր իսկապես հրաշալի մարդկանցով: Մենք արդեն իսկ մի ընտանիք ենք դարձել, իսկ ընտանեկան, բարեկամական մթնոլորտում աշխատելն ինքնին հաճելի ու շահավետ է: Պետք է նկատեմ, որ մեր դերասաններից շատերի հետ ուսանողական ընկերներ ենք, այնպես որ մեր կապը միայն աշխատանքային չէ: Թե տեխնիկական, թե դերասանական կազմով իրար սովոր ենք, հեշտ ենք իրար հասկանում ու ստանում ցանկալի արդյունք»,- պատմեց դերասանը:
Հեռուստասերիալի ավարտից հետո Աշոտը երկար չի հանգստանա, արդեն իսկ հրավերներ ունի.
«Իհարկե, փոքրիկ հանգիստ կլինի, սակայն արդեն կան նախատեսված ծրագեր, որոնք դեռեւս հստակեցված չեն ու այդ իսկ պատճառով չեմ ցանկանա մանրամասնել: Միայն նշեմ, որ նոր նախագծերը կրկին իմ սիրելի «Շանթ» Հ/Ը կողմից են, մենք համատեղ շատ սիրով ու համերաշխ ենք աշխատում»,- նշեց նա:
Բացի սպասվելիք նախագծերը` Աշոտ Տեր-Մաթեւոսյանը նկարահանվում է նաեւ «Սահմանին» հեռուստասերիալում.
«Արդեն սկսվել ենք «Սահմանին» հեռուստասերիալի երկրորդ եթերաշրջանի նկարահանումները, որոնք կցուցադրվեն որոշ ժամանակ անց, քանի որ այն չի նկարահանվում սովորական սերիալային ֆորմատով: Ժամանակ է հարկավոր նախ նկարահանումների, ապա նաեւ մոնտաժային աշխատանքի համար»,- հավելեց դերասանը:
Իսկ վերջում մեր նկատառմանը, թե ինչո՞ւ է դերասանը անընդհատ դրական կերպարներ մարմնավորում եւ արդյոք ցանկություն չկա այդ առումով բազմազանություն ցուցաբերել, պատասխանեց.
«Թերեւս եւ հեռուստադիտողը, եւ պրոդյուսերները ինձ սովոր են տեսնել դրական կերպարներում, բայց ես շատ եմ ուզում ու սպասում բացասական դեր խաղալ: Վերջին երկու նախագծերում առիթ եղավ նաեւ բացասական հերոսի մարմնավորել, սակայն նրանք այնքան էլ չէին համապատասխանում իմ պատկերացումներին; Հուսամ առաջիկայում կստանամ հետաքրքիր առաջարկ, որտեղ առիթ կունանամ իմ պատկերացումներին համապատասխան բացասական հերոսի մարմնավորել, քանի որ դա շատ հետաքրքիր է»: