Ռուսաստանում մայրը 15-րդ հարկից նետել է 7-ամյա դստերը
ОБЩЕСТВОՄերձմոսկովյան թաղամասերից մեկում հայտնաբերվել է 7 տարեկան աղջկա մարմին՝ բարձրությունից ընկնելու հետքերով, հայտնում է Lenta–ն վկայակոչելով իրավապահ մարմիններում իր աղբյուրը։
«Պարզվել է, որ ժամը մոտ 19։30-ին տեղի բնակչուհիներից մեկը իր բնակարանի պատուհանից դուրս է նետել իր ավագ դստերը։ Կրտսեր դուստրը, որը 5 տարեկան է, չի տուժել»,- պատմել է «Լենտա ռու»-ի զրուցակիցը։
Նա պարզաբանել է, որ դեպքի պահին երեխաների հայրը աշխատանքի է եղել։ Հիմա արդեն տուն է վերադարձել։
Ընտանիքում ոչ մի կոնֆլիկտ չի եղել, ծնողներին ու երեխաներին ծանոթները դրական են բնութագրում։ Մորը ձերբակալել են, բժիշկների եզրակացությամբ, նա անհամարժեք հոգեվիճակում է։
ՌԴ Քննչական կոմիտեի Մոսկովյան շրջանի քննչական վարչությունում հաստատել են այս փաստը ու ճշգրտել, որ քրեական գործ է հարուցված։ «34-ամյա մայրը ձերբակալված է, հարուցվել է քրեական գործ 105 հոդվածի 2 մասի Բ կետով՝ «Մանկահասակ երեխայի սպանություն»։ Կրտսեր աղջկան փոխանցել են հորը»,- պատմել է գերատեսչության ղեկավարի ավագ օգնական Ելենան Ֆոկինան։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 26-ին Մերձմոսկվայում կալանավորվել էր Մոնինոյի 25-ամյա բնակիչը, որը իր մեկ տարեկան որդուն նետել էր ութերորդ հարկի պատշգամբից։ Երեխան ստացված վնասվածքներից մահացել էր։