Թաթուլ Մանասերյան. «Իրենց վարքագծով հայտնի և հոգնած դեմքերը եթե չդադարեն Հայաստանում եղանակ ստեղծել, մենք ոչնչի էլ չենք հասնի»
ЭКОНОМИКАՏնտեսագիտության դոկտոր Թաթուլ Մանասերյանի կարծիքով՝ Հայաստանի տնտեսության մասին խոսելիս նախ պետք է հաշվի առնել, որ համաշխարհային տնտեսության աճի տեմպերն են դանդաղել, որը նաև տարածաշրջանային զարգացումներով պայմանավորված ազդել է հետխորհրդային երկրների տնտեսական ցուցանիշների վրա: Տնտեսական անկումային տրամադրությունները գերիշխում են գրեթե ամենուր, որը նաև նախորդ տարվա տնտեսական անկման հետևանքն է: Տնտեսագետն ընդգծում է, որ 2015 թ.–ից մինչ օրս, բացառությամբ Հայաստանի, տնտեսական անկման հետևանքով նախկին ԱՊՀ բոլոր երկրներում մինչ օրս տեղի են ունեցել երկնիշ, իսկ որոշ երկրներում նաև եռանիշ թվերի հասնող ազգային արժույթի գերարժեզրկում:
«Այս ֆոնի վրա հայկական դրամը շարունակում է պահպանել իր կայուն վարքագիծը, որը, կարծում եմ, կշարունակվի նաև 2017 թ.–ին: Այն շատ կարևոր նշանակություն ունի ոչ միայն տնտեսական կայունության, այլև կանխատեսելիության առումով: Հատկապես ներդրողների համար»,– «Փաստի» հետ զրույցում ասաց Թ. Մանասերյանը:
Տնտեսագետը լավատես է և կարծում է, որ նոր կառավարությունը կկարողանա նաև թիմային աշխատանքի իր փորձով համախմբել ողջ մասնագիտական և քաղաքացիական հասարակությանը, որը կօգնի համատեղել ջանքերը երկրում տնտեսական կայունության հասնելու և առաջ շարժվելու համար: Թ. Մանասերյանի կարծիքով՝ ԵԱՏՄ շուկա պատշաճ մուտք գործելու և կայուն դիրք գրավելու համար Հայաստանը պետք է ունենա իր ազգային օրակարգը, որպեսզի կարողանա լիարժեք օգտվել այդ շուկայի կողմից ընձեռված լայն հնարավորություններից: Մեկնաբանելով վարչապետ Կարեն Կարապետյանի՝ «աշխարհը շրջելու» ծրագիր ունենալու ռեալ հնարավորությունը՝ տնտեսագետը նշեց, որ կա նման առաջարկ և եթե ոչ միայն երկրի վարչապետին, այլև նախագահին իսկապես հետաքրքրում է նման ծրագիրը, ապա իրենք պատրաստ են այն քննարկել իշխանությունների հետ:
«Հայաստանում առկա բոլոր ռեսուրսների համադրմամբ մենք մասնագետներով մշակել ենք այնպիսի մի ծրագրի ճանապարհային քարտեզ, ինչպիսին փնտրում է վարչապետ Կարեն Կարապետյանը: Առաջին հերթին մեզ անհրաժեշտ է ողջ հանրապետությունում մարդկային ռեսուրսի ճշգրիտ հաշվառում ու գնահատում իրականացնել, քանի որ մինչ օրս որևէ պետական պաշտոնյա գաղափար անգամ չունի և չի ունեցել, թե մեր երկրում ինչպիսի մարդկային և մասնագիտական ռեսուրս կա: Եվ քանի դեռ մենք նման բազա չունենք, ցանկացած ծրագիր էլ կարող է շատ արագ տապալվել»,– ասաց Թ. Մանասերյանը:
Տնտեսագետի կարծիքով՝ պակաս կարևոր հարց չէ երիտասարդ մասնագետներին Հայաստանում պահելու հարցը, քանի որ դրան ուշադրություն չդարձնելու դեպքում բոլոր լուսավոր գաղափարներն առ ոչինչ կդառնան:
«Ոչ միայն քաղաքականության կամ տնտեսության բնագավառում, այլև գիտության և կրթության ասպարեզում, իրենց վարքագծով հայտնի և հոգնած դեմքերը, եթե չդադարեն Հայաստանում եղանակ ստեղծել, մենք ոչնչի էլ չենք հասնի: Վաղուց ժամանակն է սերնդափոխություն իրականացնել: Իհարկե այն պետք է շատ արագ և զգույշ կատարել որպեսզի վնասներ չլինեն: Բացի այդ, հարկավոր է երիտասարդներին հնարավորություն տալ ինքնադրսևորվելու, հակառակ դեպքում բոլոր փայլուն ծրագրերը ինքնանպատակ կլինեն և որևէ օգուտ չեն տա մեր երկրին»,– ասաց Թ. Մանասերյանը:
Արմինե Գրիգորյան