Ավելի մեծ երջանկություն եմ ուզում. Դավիթ Մարդյան
ФОТОLife.panorama.am-ը գրում է.
Life.panorama.am-ի զրուցակիցն է դերասան Դավիթ Մարդյանը, ում բոլորովին վերջերս հեռուստադիտողը տեսնում էր «Աբելի քույրը» հեռուստասերիալում:
Դավիթն այս ընթացքում վայելում է հանգիստը ու նոր լիցքեր հավաքում, քանի որ շուտով կրկին կներկայանա նախագծերից մեկում.
«Արդեն նոր հրավերներ ունեմ, ուստի հաջորդ աշխատանքս իրեն երկար սպասեցնել չի տա: Իհարկե, դեռեւս վաղ է մանրամասներ հայտնել, անգամ չեմ ուզում նշել հեռուստաընկերությունը, սակայն մի բան հաստատ է` իմ ու հեռուստադիտողի հանդիպումը գալիք տարում կրկին կկայանա»,- պատմեց դերասանը:
Մեր նկատառմանը, թե Դավիթը ամիսներ առաջ չէր ցանկանում նկարահանվել ու մտադրություն ուներ աշխատել դերասանական արվեստից հեռու ոլորտում, ու հիմա ի՞նչն է նրան մտափոխել, պատասխանեց.
«Իրականում, ոչ թե ցանկություն չունեի նկարահանվել, այլ միջավայրն էր ինձ մտածելու առիթ տալիս: Սակայն ժամանակի հետ հասկացա, որ առողջ ու խաղաղ աշխատանքային կազմում հաճելի է աշխատել, պարզապես պետք է ընտրել ճիշտ գործընկերներ: Ի դեպ` խնդիրը միայն ինձ հետ չի, ես ինձ հարմարավետ չեմ զգում անգամ այն ժամանակ, երբ նկարահանման հրապարակում անհաշտություն ունեն դերասանները, կամ ստեղծագործական կազմից որեւէ մեկը»:
Ի դեպ` Դավիթ Մարդյանը մեծ ցանկություն ունի նկարահանվել պատմական ֆիլմում.
«Չգիտեմ, թե ինչի հետ է կապված, որ ինձ գրեթե միշտ նույնատիպ կամ համարյա թե նույն բնավորությամբ դերեր են առաջարկում: Գուցե արտաքինս է այդ հարցում մեծ դեր ունենում, բայց ես շատ կցանկանայի մի օր պատմական ֆիլմում նկարահանվել, կարծում եմ` կստացվի ինձ մոտ շատ հետաքրքիր կերպար մարմնավորել»,- մասնագիտական մտքերով կիսվեց դերասանը:
Դավիթ Մարդյանը Ամանորը կանցկացնի տանը` ընտանիքի հետ միասին.
«Այնպես չէ, որ ինձ համար պարտադիր օրենք է միայն տանը նշել Նոր տարին, սակայն այս տարի որոշել եմ տոները անցկացնել տանը»,- նշեց նա:
Հարցին, թե ի՞նչ է աքաղաղից ցանկանում դերասանը, նկատեց.
«Ուզում եմ այս տարի մի օր աքաղաղը կանչի ու ես շատ ուրախ արթնանամ նրա ձայնից: Իհարկե, հիմա էլ եմ ուրախ, սակայն էլ ավելի մեծ երջանկություն եմ ուզում գալիք տարուց»:
Իսկ վերջում Դավիթ Մարդյանը հղեց իր շնորհավորանքը.«Շնորհավորում եմ բոլորի գալիք Ամանորն ու Սուրբ Ծնունդը: Մեր ժողովրդին համար ցանկությունս նույնն է, ինչ նախորդ տարի` թող առողջ լինեն, հաճախ ժպտան ու շատ փող ունենան, որ ստիպված չլինեն մեկնել արտագնա աշխատանքի»:
Հեղինակ` Անուշիկ Մելքոնյան