«Կեսար» աղցանի գաղտնիքները
ЛАЙФ«Կեսարն» ամենապահանջված եւ սիրված աղցաններից է համարվում շատ ու շատ երկրներում, այդ թվում՝ Հայաստանում: Իսկ ո՞րն է գաղտնիքը եւ ինչո՞ւ հենց «Կեսար»: Այսօր կներկայացնենք ամենահամեղ աղցաններից մեկի ստեղծման պատմությունը:
Շատերը կարծում են, թե աղցանն անունը ստացել է Հուլիոս Կեսարի պատվին, բայց այդպես չէ: Աղցանն անվանակոչվել է իր ստեղծողի` իտալական արմատներ ունեցող ամերիկացի խոհարար Կեսար Սարդինիի անունով: Հենց նա է 1924 թվականին առաջին անգամ պատրաստել աղցանն այն ամենից, ինչ այդ պահին եղել է իր ռեստորանի խոհանոցում: Պատահականորեն իրար խառնած բաղադրիչներով աղցանը դարձել է աշխարհի ամենապահանջված եւ սիրված ուտեստներից:
Ի դեպ, 1953թ. «Կեսարը» ճանաչվել է ԱՄՆ-ում վերջին 50 տարվա ամենահամեղ աղցանը:
«Կեսարի» պատրաստման տարբեր բաղադրատոմսեր կան, բայց դասականը մնում է անգերազանցելի: Աղցանի հաջողության գաղտնիքը, անշուշտ, սոուսն է, որը ժամանակի հետ որոշակի փոփոխությունների է ենթարկվել: Փոխվել է նաեւ դասական «Կեսարի» բաղադրատոմսը: Ներկայում այս աղցանի մեջ ավելացնում են նաեւ հավի կրծքամիս կամ խոզապուխտ, նաեւ լոլիկ: Ստորեւ ներկայացնում ենք «Կեսարի» բաղադրատոմսը:
Բաղադրամասեր
հազար
չորահաց
Պարմեզան պանիր
սխտոր
ձիթապտղի ձեթ
ձու
կիտրոնի հյութ
աղ, պղպեղ
հավի կրծքամիս կամ խոզապուխտ
լոլիկ (ըստ ցանկության)
Պատրաստման եղանակը
Հազարի թերթիկները լվանում ենք, կտրատում եւ շարում ափսեի մեջ, կտրատում ենք նաեւ խոզապուխտը կամ հավի կրծքամիսը, լոլիկները եւ լցնում հազարի թերթիկների վրա: Այնուհետեւ պատրաստում ենք սուոսը:
Խաշում ենք ձուն, առանձնացնում դեղնուցը: Այն տրորում ենք, ավելացնում ձեթը, ճզմած սխտորը, կիտրոնի հյութը, աղ, պղպեղ: Վերջում չորահացերը լցնում ենք հազարով զանգվածի վրա, ապա` սոուսը եւ քերիչով անցկացրած պանիրը: