Երբեմն սխալ կարծիք է ձեւավորվում. Գարիկ Պապոյանը` X Factor-ի իր թիմի եւ չանցած մասնակիցների մասին
ФОТОX Factor 4-ի շրջանակներում Գարիկ Պապոյանը կրկին կաշխատի խմբերի հետ: Այս մասին պարզ դարձավ կիրակի` նախագծի եթեր հեռարձակվելուց հետո:
Հետաքրքիր է, բայց ժյուրիի անդամներից շատերը խուսափում էին խմբերի հետ աշխատելուց: Իսկ ինչպե՞ս է վերաբերվում հեռուստադիտողի ընտրությանը Գարիկ Պպոյանը:
NEWS.am STYLE-ը ներկա է եղել X Factor-ի հերթական նկարահանմանն ու թեմայի շուրջ հետաքրքիր զրույց է ունեցել Գարիկի հետ.
«Խմբերը բաղկացած են յուրահատուկ մարդկանցից: Մեկը մյուսից տարբեր են: Չկա մի խումբ, որը կնմանվի իմ անցած խմբերին: Ես էլ կփորձեմ հիշել, թե անցած անգամ ինչն էր օգնում ինձ աշխատել խմբերի հետ, եւ դա կկիրառեմ նաեւ այս անգամ: Աշխատանքս ինձ համար լինելու է նորություն: Եթե իրատես լինեմ, չկա մի ինչ-որ իդեալական բանաձեւ, որը կարելի է կիրառել բոլոր խմբերի հետ աշխատանքի մեջ: Կարծում եմ` յուրաքանչյուրի համար յուրահատուկ մոտեցում, աշխատող համարներ եւ ճիշտ երգեր պետք է գտնեմ»,-ասում է սիրված հումորիստ-երաժիշտը` փաստելով, որ ուրախ է` հեռուստադիտողի քվեարկության արդյունքում հենց խմբերի հետ է աշխատելու.
«Հետաքրքիր է, բայց ի սկզբանե ունեցել եմ ցանկություն աշխատելու խմբերի հետ: Նույնիսկ, մի քանի անգամ արտահայտվել եմ այդ թեմայով: Չգիտեմ` դա եթեր գնացել է, թե ոչ, արդյոք ազդել է հեռուստադիտողի ընտրության վրա…Բոլորի հետ էլ աշխատելը հետաքրքիր է, բայց խմբերի հետ աշխատելով ավելի շատ կրեատիվ մոտեցում կարող եմ ցուցաբերել: Ես սիրում եմ երաժիշտների` մարդիկ, որոնք բացի երգելուց նաեւ գործիքների են տիրապետում, իսկ խմբերի հետ աշխատելիս ունեմ հնարավորություն աշխատելու նաեւ երաժիշտների հետ»:
Գարիկը, սակայն, դժվարացավ նշել, թե իր թիմակիցներից որ խմբին է, հատկապես, համարում ֆավորիտ.
«Այդ հարցին ավելի լավ է` հիմա չպատասխանեմ, որովհետեւ հնարավոր է` առաջին համերգից հետո հասկանամ, որ սխալ պատասխան եմ տվել, որովհետեւ ամեն օր նոր բացահայտում են նրանք ինձ համար` մի օր հիասթափություն եմ ապրում, մի օր ոգեւորություն»:
Նրա խոսքով` նախագծից դուրս մնացած մասնակիցներին էլ աշխատում են ոգեւորել, գոտեպնդել, որպեսզի վերջիններս շատ չտխրեն.
«Դա այնքան բարդ է, որովհետեւ այդ պահին, թե նրանք, թե մենք էմոցիաների տակ ենք: Այդ պահերին, երբ մոտենում եւ ոգեւորում ենք նրանց, իսկ նրանք էլ հասկանում են մեր խոսքը: Իսկ երբ այստեղից դուրս են գալիս, նրանց վրա հակառակ ազդակներն են սկսում աշխատել` ծնողներ, բարեկամներ, ընկերներ, որոնք հարցին ոչ թե օբյեկտիվ մոտեցում են ցուցաբերում, այլ շատ սուբյեկտիվ` ասելով, թե նրանք միակ արժանին էին, ամենալավն էին, բնականաբաբար, այն, ինչ յուրաքանչյուր ընկեր կասեր ընկերոջը: Երբեմն հաղթում են հենց այդ կարծիքները, եւ նրանք սկսում են չհասկանալ, թե ինչ է այստեղ կատարվել եւ սկսում են փնտրել բաներ, որոնք գոյություն չունեն: Եւ այսպես, երբեմն, սխալ կարծիք է ձեւավորվում»,-նշեց երաժիշտը:
Ինչ վերաբերում է ժյուրիի մյուս անդամներին` նրանց թիմակիցները եւս հայտնի են. Այսպիսով` այս եթերաշրջանում Անդրեն աշխատելու է տղաների, Էրիկը` աղջիկների, իսկ Շուշանիկ Արեւշատյանը` 22-ից բարձր մասնակիցների հետ:
Սյունե Առաքելյան
Աղբյուրը՝ NEWS.am STYLE