«Արարատ-73»-ի 11 համարը
ОБЩЕСТВОԱնցել են տասնյակ տարիներ, սակայն ՆԻԿՈԼԱՅ ՂԱԶԱՐՅԱՆ անունը առանձնակի ջերմությամբ է մնացել մեր հիշողության մեջ: «Արարատ-73»-ի լեգենդներից մեկը մեզ համար դարձել է «հարձակում» բառի հոմանիշ կամ էլ ուղղակի «Համար 11»՝ ցուցակը եզրափակող ռմբարկու-գրոհային: Երբ հաղորդավարը, վերջակետ դնելով, հայտարարում էր՝ «Համար 11՝ Նիկոլայ Ղազարյան», գնդակը դաշտի կենտրոնից արագ հասնում էր եզրագիծ, և «Համար 11»-ը, հակառակորդի պատը ճեղքելով, բացում էր հաշիվը… Գո՜լ,- որոտում էր ամբողջ հանրապետությունը…
Սա մեր ամենալավ հիշողություններից մեկն է, որ կայծակնային հաղթանակներով տանում էր ազգի համախմբման: Սա մեր ամենաթանկ օրերի քրոնիկոնն է, որ բացվում էր ալիք-ալիք ծփացող «Հրազդան» մարզադաշտով, ավարտվում դեպի փողոցներ հոսող երջանիկ մարդկանց գետ-առուներով:
Իսկ ի՞նչ է հիշում ինքը՝ իր 142 գոլերով բոլորիս ուրախացրած Նիկոլայ Ղազարյանը:
- Դեռ 10 տարեկան էի, Վորոշիլովի անվան դպրոցի սան, երբ իմ խաղը նկատեց 5 տարով մեծ մի տղա՝ բիլիարդի գծով 1-ին տեղ գրաված Արայիկը: Նա զարմացավ, որ ոչ մի տեղ չեմ պարապում և ինձ տարավ մանկապատանեկան ֆուտբոլի դպրոց: Այստեղ փորձի համար ասացին՝ գնա սպիտակ շորերով խմբում խաղա: Մտա ու մի քանի գոլ խփեցի, անմիջապես դուրս արեցին: Շատ զարմացա: Այն ժամանակ հայերեն խոսել էլ լավ չգիտեի /նոր էինք տեղափոխվել Բաքվից, հայրս ծագումով շուշեցի էր, մայրս՝ ազգությամբ լիտվացի/, բայց զարմանքս հայտնեցի: Մարզիչը ուղեկցիս ասաց՝ ինքը բոլորից բարձր է, հավաքականում կխաղա:
Այսպես Նիկոլայ Ղազարյանը սկսում է խաղալ տարիքով իրենից մեծերի հետ:
- Երբ մի երկու տարի հետո 17 տարեկանների հետ տարան Մոսկվա, ընդգրկեցին ՍՍՀՄ հավաքականի կազմում, այստեղից էլ տարան Իտալիա, այլ երկրներ…Ես ռանգով արագ էի բարձրանում, ինձ միշտ ավելի ավագների մեջ էին վերցնում, ընդգրկում երիտասարդական թիմերում, որովհետև արագությունս բարձր էր: Իմիջիայլոց, հիմիկվա ֆուտբոլն էլ է արագության վրա: Ֆուտբոլը վերադառնում է իր նախկին ճիշտ ձևին,- խոսքի մեջ նկատում է լեգենդար ֆուտբոլիստը:
Արմենուհի Դեմիրճյան



