Անահիտ Շահբազյան. «2017-ին ուզում եմ մայրանալ»
ФОТОTert.am Life-ը գրում է.
2016-ին երգչուհի Անահիտ Շահբազյանը իր կյանքի կարևորագույն քայլը կատարեց խորանի առաջ՝ հավերժ սիրելու խոստում տալով իր ամուսնուն: Իսկ ահա այսօր նա իր նորաստեղծ ընտանիքի հետ դիմավորել է 2017 թվականը: Երգչուհին Tert.am Life-ին է պատմել, թե ինչպես է սիրելիի հետ դիմավորել Նոր տարին և ոչ միայն:
2016-ը Ձեզ համար…
2016-ը ինձ համար ուրախ, բայց միևնույն ժամանակ դժվար տարի էր: Ապրիլյան քառօրյա պատերազմից սկսած դժվար էր ինձ համար ամեն ինչ: Նույնիսկ մտածում էի հարսանիք չանել, բայց փառք Աստծո խաղաղվեց և լավ լուրեր լսեցինք սահմանից: Դրանից հետո նոր ուժ ունեցա հարսանիքս անելու: Ձեռքբերումս իմ ընտանիքն է: Իսկ հիմա, այդ ընտանիքի ապագան ստեղծելու, յուրովի ապրելու, բերկրանքով եմ լցված:
Այս տարի հայրական տանը չեք դիմավորելու Նոր տարին: Ի՞նչ զգացողություններ ունեք:
Առաջին տարին է, որ հայրական տանը չեմ դիմավորելու: Նոր յուրահատուկ զգացողություններ ունեմ, չնայած որ ինչպես նախորդ տարիներին այս տարի աշխատանքային է եղել: Կարոտ եմ զգում հայրական ընտանիքիս հանդեպ:
Ամուսնուդ արձագանքը, որ Ձեր համատեղ կյանքի առաջին նոր տարին աշխատանքային է լինելու...
Քանի որ նա մեր ոլորտից է, ինձ հետ միասին տոն օրերին ավելի շատ է աշխատել: Ամուսինս միշտ կողքիս է և ամեն հարցում աջակցում է: Չի թողնում, որ ինչ-որ բանից հետ մնամ: Փորձում է ամեն ինչ անել, որ ինձ համար լավ լինի: Շատ շնորհակալ եմ իրեն, որ կողքիս է ամեն հարցերում:
Իսկ նախատեսե՞լ եք ինչ-որ տեղ մեկնել երկուսով
Շատ կուզեինք նման ճոխություններ մեզ թույլ տալ, բայց դեռ չենք կարող: Երբ ավարտվեն տոն օրերը, հուսով եմ մի լավ տեղ անպայման կգնանք:
2017-ի Ձեր սպասելիքները...
Սիրում եմ նվերներ ստանալ, բայց չեմ կարևորում նյութականը: Ինձ համար առաջնային իմ աղոթքներ են, որ 2017-ին սահմանում խաղաղ լինի: Երկիրը բարգավաճի, իսկ մարդիկ լինեն առողջ ու երջանիկ:
2017-ին ակնկալում եմ, որ Աստծո կամքով մայրանամ և զգամ բալիկի քաղցրությունը, իսկ աշխատանքում՝ նոր երգեր, տեսահոլովակներ, բարեգործական համերգներ: