Աշխարհի ամենահին հյուրանոցը
ЛАЙФ«Հոշի-ռյոկան» հյուրանոցը հանդիսանում է աշխարհի ամենահին հյուրանոցը, այն 1296 տարեկան է, սակայն տարիները չեն ազդել նրա վիճակի վրա, այն հիանալի տեսք ունի նույնիսկ այսօր:
Հյուրանոցը գտնվում է Կոմացու քաղաքում Խակու լեռան ստորոտին, Ճապոնիայում:
«Հոշի-ռյոկան» հյուրանոցը ճապոներենից թարգմանաբար նշանակում է «Հոշի»`վանական, «ռյոկան»` հյուրանոց:
13 դար շարունակ հյուրանոցի սեփականատերը միևնույն ընտանիքն է եղել, դրա հետ մեկտեղ փոխանցվել է նաև անունը` Ձենգորո-հոշի և նոր տիրոջ հերթական համարը: Հյուրանոցի ստեղծման օրվանից այն ունեցել է 46 սեփականատեր, այժմ տիրոջ անունն է Ձենգորո-հոշի 46-րդ:
Հյուրանոցը գրանցված է Գինեսի ռեկորդների գրքում` որպես աշխարհի ամենահին հյուրանոց:
«Հոշի-ռյոկան» հյուրանոցի ստեղծման շուրջ առկա են բազմաթիվ առասպելներ: Ասում են, որ մի ժամանակ ապրել է բուդդայական վանական Թայթյո Դայսին, ով ճանապարհորդում էր Ճապոնիայում` քարոզելով բուդդիզմ: Եվ ահա մի օր գիշերը երազում նրան այցի է գալիս լեռների պահապանը և ասում, որ լեռան ստորոտից 23 կմ ներքև գտնվում է Ավազու գյուղը, որտեղ էլ գտնվում է տաք աղբյուր, որն ունի բուժիչ ազդեցություն:
Թայթյո Դայսին գտել է այդ աղբյուրը հենց այն վայրում, ուր մատնացույց էր արել լեռների պահապանը: Նա իր աշակերտ Գարիո Հոշիին հրամայում է բուժիչ աղբյուրի մոտ ապաստարան կառուցել օտարականների համար, որպեսզի յուրաքանչյուր մարդ կարողանա առողջանալ այս աղբյուրի շնորհիվ:
Իսկ ահա այդ աշակերտի որդին ապաստարանի վայրում կառուցում է հյուրանոց, դա տեղի է ունեցել 717 թվականին, հենց նա էլ դարձել է հյուրանոցի առաջին սեփականատերը, և նրա անունը պատմության մեջ մնացել է արպես Ձենգորո-հոշի առաջին:
Այժմ հյուրանոցն ընդունում է ոչ միայն ճապոնացիների, այլ նաև զբոսաշրջիկների աշխարհի տարբեր մասերից: Հյուրանոցի դռները բաց են բոլորի առջև, նույնիսկ որոշ համարների ինտերիերն արված է ավելի ժամանակակից ոճով`մոդերն, մնացածը`ավանդական ճապոնական ոճով:
Հյուրանոցի գլխավոր առանձնահատկությունը բուժիչ տաք աղբյուրն է, որը գտել է վանականը և, որը բուժում է մարդկանց մինչ օրս:
Աղբյուրը ջրով է լցնում մի քանի մեծ լոգարաններ, որտեղ էլ լողանում են հյուրերը: Հյուրանոցում կա նաև սպա կենտրոն և ռեստորան, որն այցելուներին առաջարկում է ազգային խոհանոցի ճաշատեսակների մեծ ընտրանի:
Կա նաև էկզոտիկ բույսերով այգի, խեցեգործության պատկերասրահ, թանգարան և թատրոն, ցանկության դեպքում կարելի է հանգստանալ և երգել կարաոկե բարում:
Հյուրանոցն ունի 1000 համար և կարող է ընդունել մոտավորապես 450 հյուր, բնակության արժեքը սկսվում է 580 դոլարից, որը ներառում է նախաճաշ և ճաշ: Համարներն ավելի լավ է նախօրոք ամրագրել, քանի որ այն շատ հայտնի է զբոսաշրջիկների շրջանում:








