«Կյանքը գիրք է, մենք` հերոսները». Հետաքրքիր 10 փաստ՝ Հենրիխ Մխիթարյանի մասին
ФОТОSportal.am-ը գրում է.
27-ամյա Հենրիխ Մխիթարյանը մի շարք բարձունքներ է նվաճել իր մարզական կարիերայում: Հաջողություններն ու համաշխարհային ճանաչումը չեն խորտակել Մխիթարյանի համեստությունը, մարդկային որակները, որով նա միշտ առանձնացել է: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում հետաքրքիր 10 փաստ՝ Հենրիխ Մխիթարյանի մասին:
Հայրս միշտ իմ սրտում կլինի: Կարծում եմ` եթե նա կենդանի լիներ, էլ ավելի մեծ բարձունքների կհասնեի: Հավատում եմ, որ նա ինձ հետևում է երկնքից ու ուրախանում իմ հաջողություններով:
Առաջին դասարան գնացի Ֆրանսիայում, որտեղ տեղափոխվել էի ընտանիքիս հետ, երբ 9 ամսական էի: 7 տարեկան էի, երբ վերադարձանք Հայաստան, այստեղ ևս գնացի առաջին դասարան, որպեսզի հայերենս չտուժի: Շատ բարդ էր ինձ համար այդ տեղափոխությունը, որին պատրաստ չէի, բայց սա կյանք է, որտեղ դժվարություններն անակնկալ չեն:
Դեռ մանկուց շատ եմ սիրել ֆուտբոլը: Երբ հայրս գնում էր մարզման, կանգնում էի դռան առաջ ու չէի հեռանում, մինչև ինձ չտանի իր հետ: Այո, խանգարում էի նրան, բայց նա զիջումների էր գնում:
13 տարեկանում մեկնեցի Բրազիլիա, որը մեծ դեր ունի իմ կյանքում: Այնտեղ բնակվեցի 4 ամիս` ստանալով ֆուտբոլային կարևոր դասեր: Բացի այդ, այնտեղ դպրոց էի հաճախում: 4 ամսով դարձել էի բրազիլացի: Բրազիլիայում ապրում են ֆուտբոլով:
Քույրս` Մոնիկան, հետևում է բոլոր խաղերիս: Խաղերից հետո նա զանգահարում է, տալիս իր գնահատականը: Իսկ ես, լսելով նրան, փորձում եմ վերլուծել, հետևություններ անել: Նա աշխատում է ՈւԵՖԱ-ում, ցանկանում է ինքն իր աշխատավարձով հոգալ կարիքները: Երբեմն օգնում եմ նրան, բայց նա դժգոհում է ու ասում, որ այն, ինչ ես վաստակում եմ, իմն է: Բայց պնդում եմ, որ մենք մի ընտանիք ենք, և միջոցներն ընդհանուր են:
Զիդանն իմ մանկության հերոսն է: Նրա խաղը մեծ ազդեցություն է ունեցել իմ` որպես ֆուտբոլիստ ձևավորման մեջ:
Կյանքը գիրք է, մենք` հերոսները: Խաղում ենք այնպես, ինչպես գրված է:
Մխիթարյանի տրանսֆերային արժեքը ռեկորդային է հետխորհրդային երկրների շարքում: 2016 թվականի ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում «Մանչեսթեր Յունայթեդ»-ը Դորտմունդի «Բորուսիա»-ին 42 մլն եվրո վճարեց Մխիթարյանի տրանսֆերի դիմաց: Այս ցուցանիշով երկրորդ տեղում Անդրեյ Շևչենկոն է (41.2 մլն):
Ժոզե Մոուրինյոյի առաջին խոսքերը՝ Մխիթարյանի մասին. «Գիտեմ, որ Մխիթարյանը սուպերֆուտբոլիստ է: Վստահ եմ՝ նա հաջողության է հասնելու «Յունայթեդ»-ում: Գիտեմ՝ ինչու եմ ձեռք բերել նրա տրանսֆերը: Հենրիխը կիրթ անձնավորություն և ֆուտբոլիստ է, ով գերազանց է հասկանում խաղը».
Կարիերայիս ավարտից հետո հաստատ մարզիչ չեմ դառնա: Այդ աշխատանքն ինձ համար չէ: Մարզիչ լինելու համար ամուր նյարդեր են հարկավոր, իսկ ես չեմ ուզում վաղ հասակում սպիտակ մազեր ունենալ: Ինձ տեսնում եմ բիզնեսում: Դեռ չգիտեմ` ինչ ուղղությամբ, բայց այս ոլորտում ապագաս պատկերացնում եմ: