Ողբերգությունից 2 տարի անց Գյումրիում բացվել է Ավետիսյանների տան դուռը (լուսանկարներ)
ФОТОԱյսօր` հունվարի 12-ին լրացավ Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության երկրորդ տարելիցը: Ինչպես առաջին տարելիցին, այս անգամ ևս Ավետիսյանների հարազատները բացել են Ավետիսյանների փակ տան դռները և իրականացրել մոմավառություն:
Հիշեցնենք, որ Գյումրու Մյասնիկյան 188 հասցեում՝ իրենց տանը, 2015 թվականի հունվարի 12-ին սպանված էին գտել Ավետիսյանների ընտանիքի 6 անդամներին, իսկ սվինի հարվածներ ստացած 6 ամսական Սերյոժա Ավետիսյանը հիվանդանոցում մահացել էր 7 օր անց:
Դեպքից մեկ օր անց ՀՀ իրավապահները հայտնել էին, որ հունվարի 12-ի լույս 13-ի գիշերը Բայանդուր գյուղի մոտակայքում ռուս սահմանապահների կողմից այս հանցագործությունը կատարելու կասկածանքով հայտնաբերվել է Գյումրիում տեղակայված ռուսաստանյան 102-րդ ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովը, ով փորձել էր հատել հայ-թուրքական սահմանը:
Հետագայում Վալերի Պերմյակովին մեղադրանքներ առաջադրվեցին, և նա 2016-ի օգոստոսի 23-ին դատապարտվեց ցմահ ազատազրկման:
Նշենք, որ Tert.am-ի հետ զրույցում Ավետիսյանների իրավահաջորդների ներկայացուցիչներից Լուսինե Սահակյանն ասել էր, որ Վալերի Պերմյակովը որպես սպանության դրդապատճառ նշում է, որ իրեն փախուստի համար հագուստ ու գումար է անհրաժեշտ եղել, իսկ միակ բաց դուռը եղել է Ավետիսյաններինը:
«ԳԱԼԱ»-ն լուսանկարներ է հրապարակել Ավետիսյանների տնից: